Կիրակի, 26 Հուլիս, 2026

Իմաստաբանական բառարան

Սիրո արտահայտչաձեւերը հայերենում

Հայերենին խիստ բնորոշ են անձերի եւ գաղափարների նկատմամբ նվիրվածություն արտահայտող բազմաթիվ իդիոմային դարձվածքներ:

Հայ գեղջկուհին ընդամենը մի տարի յարին չտեսնելու պատճառով պատրաստ է կյանքը զոհաբերել հանուն իր յարի բոյի, անգամ իր յարի մասին լուր բերող սարերի հովի: Կարոտախտով տառապող հայուհին չի խորշում անգամ կյանքը նվիրաբերել իր յարին տեսնողի ջուխտ աչքերի համար:

Սարերի հովին մեռնեմ,

Իմ յարի բոյին մեռնեմ,

Տեսնողի ջուխտ աչքին մեռնեմ:

Անկեղծ ասած՝ մարդկանց շողոքորթելու համար հորինված «ցավդ տանեմ» հաճոյախոսությունն այնքան է արժեզրկվել, որ հաճախ վերապահորեն ես մոտենում այդ արտահայտությանը:

Արժեզրկված ու հավատ չներշնչող հաճոյախոսություններից է նաեւ «քոռանամ ես» արտահայտությունը, որի կիրառության շրջանակը գնալով ընդլայնվում է:

Մարդու ներքին օրգաններից հավանաբար ամենահամովը ջիգյարն է: Հակառակ դեպքում, հայն ինչու պիտի սեր արտահայտելու համար օգտագործեր կասկած հարուցող «ջիգյարդ ուտեմ» դարձվածքը:

Ջիգյարի համուհոտին համարժեք է նաեւ սիրելիի մռութի համը: Չէ՞ որ հայն իր սիրելիին խանդավառությամբ նաեւ ասում է՝ «մռութդ ուտեմ»:

Ներքին օրգանները ճաշակելու հարցում, անշուշտ, սիրտն իր ուրույն տեղն ունի: Պատահական չէ, որ աղջիկներին խելքահան անող երիտասարդներին հայերենով «սրտակեր» էլ են ասում:

Գանգի ակնաբներում տեղադրված աչքը, որ մարդու ամենակարեւոր ու խոցելի օրգաններից է, հայերենում ձեռք է բերել պատվելի հյուրին հանգրվանելու համար նախատեսված վայրի նշանակություն, ինչի հիման վրա էլ հայն ասում է՝ «աչքիս վրա տեղ ունես»:

Գլուխը զոհաբերելու պատրաստակամությունը նույնպես սիրո եւ հարգանքի դրսեւորման միջոցներից է, որի համար էլ հորինվել է «գլխիդ մատաղ» արտահայտությունը: Հիշենք թեկուզ հուսահատ ճպուռի շուրթերից փոխաբերաբար հնչող (Աթաբեկ Խնկոյանի հորինած) «գլխիդ մատաղ, սանամեր» հառաչանքը:

Եվ վերջապես, չի մոռացվում 1996 թ. Կաթողիկոսական աթոռին նստելու առիթով Գարեգին Առաջին վեհափառի ներկայությամբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն այն մասին, որ ինքը՝ որպես ՀՀ նախագահ, եւ Գարեգին Առաջինը՝ իբրեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս, պիտի «գլուխները մատաղ» անեն հայ ժողովրդին:

Այս օրերին ո՞վքեր են պատրաստ իրենց գլուխները մատաղ անել հայ ժողովրդին:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ