Կիրակի, 26 Հուլիս, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունը խորը մտահոգություն եւ վրդովմունք է հայտնում ՀՀ վարչապետի՝ սոցիալական ցանցում արված վերջին գրառման առնչությամբ: Գրառման մեջ վարչապետը, կիրառելով անպատշաճ եւ գռեհիկ արտահայտություններ՝ առանց հստակ հասցեատիրոջ նշման, սեւացնող կերպով վիրավորել է Հայ Առաքելական Եկեղեցու սրբազան դասին:

Մենք խստորեն դատապարտում ենք այս քայլը՝ այն դիտարկելով որպես հարձակում ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու, այլեւ ազգային ինքնության ու պետականության հիմնասյան վրա: Դարեր շարունակ Եկեղեցին եղել է մեր ժողովրդի ոգեղեն, մշակութային եւ հոգեւոր ողնաշարը:

Գրառման ոճն ու բառապաշարը ակնհայտորեն անպատշաճ են ՀՀ ղեկավարի պաշտոնին: Այն հիշեցնում է փողոցային եւ խուլիգանական վարքագիծ՝ խաթարելով պետական բարձր պաշտոնի հեղինակությունը: Բացի այդ, մեր գնահատմամբ, հրապարակման մեջ առկա են քրեական իրավախախտման տարրեր՝ մասնավորապես՝ խմբային վիրավորանք եւ ատելության տարածում՝ ըստ կրոնական պատկանելության:

Վարչապետի ձեւակերպումները, լինելով չհստակեցված, ըստ էության «ցեխ են շպրտում» բոլոր սրբազանների երեսին՝ անհարկի խարանելով ողջ հոգեւոր դասը:

Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունը պահանջում է, որպեսզի ՀՀ վարչապետը՝

# անհապաղ հանդես գա հրապարակային եւ պաշտոնական ներողությամբ Հայ Առաքելական Եկեղեցուց,

# եւ ջնջի այդ վիրավորական գրառումը իր սոցիալական ցանցի էջից:

Հակառակ դեպքում, կուսակցությունը կիրառելու է իր ամբողջ քաղաքական, իրավական եւ տեղեկատվական ներուժը՝ նման ոտնձգությանը համարժեք հակազդելու եւ հանրային պաշտպանություն ապահովելու համար:

Հայ Ազգային Ռամկավար կուսակցության հիմնադիրներ