Փող ունեցողի համար 30-40 հազար դոլարն ի՞նչ է, որ չտա, իր տղային բանակից ազատի։ Բայց իմ տղան, որ մի թաք տղար էր, հնարավորություն չունեմ, ինչքան պետք է նեղվի, գնա խրամատում, բլինդաժում ասի՝ ինչի՞ իմ ծնողը չպիտի կարողանար բանակից ինձ ազատել, որ գայի էս խոնավ տեղերը պառկեի, այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինվորի հայրը։
Նա նշեց, որ իր որդին զոհվել է Արցախյան առաջին պատերազմում՝ կյանքը տալով Արցախի ազատագրման համար։
«Տղաս զոհվել է Շամշադինի Այգեձորում՝ Չինարիի բարձունքն ազատագրելիս։ Բարձունքն ազատագրելու ժամանակ ահագին զոհ են տվել, մինչև հետ են վերցրել»,- պատմեց նա։
«Օլիգարխների, փող ունեցողների համար դա ի՞նչ փող է, բայց ինչո՞ւ չեն ստիպում, որ բոլորը միասին գնան, խրամատներում, բլինդաժներում սահման պահեն, երկիր պահեն։ Էս երկիրն էլ կծախվի այդ ձևինների երեսից։ Էլ հող չենք ունենա։
Արցախի հարցում էլ մեզ դավաճանեցին, լավ գիտեք՝ թե ովքեր։ Եթե չդավաճանեին, կանոնավոր երկրապահ ունեինք, հայ ազգն էլ իր կյանքը չի խնայում»,- ասաց զոհված զինվորի հայրը։
Վերջում տղամարդը շեշտեց՝ ոչ ոք Հայաստանի կողքին չի կանգնում, մինչդեռ Ալիևը կաշառել է բոլորին, բոլորն անցել են նրա կողմը։
Մեկ այլ որդեկորույս հայր էլ նշեց, որ բոլոր տղաները պետք է բանակում ծառայեն։
«Մեկ ա՝ էն «ռաբոչին» գնալու է, ծառայի, իսկ հարուստների փողը շատ է, տակ ի տակ տալու են»,- ասաց նա։
Զոհվածի հայրը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի հետ խաղաղություն երբեք չի լինելու։
«Լուծումն այն է, որ պետք է ուժեղ լինես։ Թող Ալեն Սիմոնյանը գա, այստեղ նայի (նկատի ունի Եռաբլուրը՝ խմբ.), հետո խոսի»,- ասաց որդեկորույս հայրը։