Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը։
Նախարար Միրզոյանը նշել է. «Իրապես, նախևառաջ հարկ է արժևորել այն, ինչ արդեն իսկ տեղի է ունեցել։ Սա աննախադեպ, պատմական իրադարձություն է: Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը։ Տեքստ, որով Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն ունեին որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ Խորհրդային Միության փլուզման պահին։
Դա կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, կարող է լինել որևէ երրորդ երկրում, որը ընդունելի կլինի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի համար։ Այս ամենը կարող է քննարկման առարկա դառնալ։
Մեր մոտեցումը հետևյալն է. մենք կարող ենք սկսել գործընթացը՝ դնելով մեկ աղյուս, ապա ևս մեկը, և մի որոշ ժամանակ անց կարող ենք տեսնել, որ միասին կառուցել ենք, օրինակ, մի ամուր կամուրջ։ Կամ կարող ենք նստել և սպասել ևս մի քանի հարյուր տարի՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք նախկին մոտեցումներն այլևս կիրառելի չեն, արդյո՞ք հակամարտությունն իսկապես ավարտված է, թե՞ դեռևս առկա են խոչընդոտներ։ Սակայն մեր դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ հարցի կառուցողական կողմի վրա, կենտրոնանալ հնարավորությունների, ապագայի վրա, այլ ոչ թե շարունակ խորանալ անցյալում և տեսնել միայն խոչընդոտներ։
Անկախ այն հանգամանքից, թե որ տեսանկյունից ենք նայում իրավիճակին, խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը մնում են խնդիրը լուծելու ամենակարճ և արդյունավետ ուղին»։