750 մլն դոլար եվրոբոնդերի թողարկման մասին իր ոչ հեղինակավոր կարծիքն է հայտնել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը։
Բնականաբար, որոշել է մոլորեցնել և պետական պարտքը ավելացնելու միջոցառումը համարել «հզոր» հաղթանակ։
Մանիպուլյացիայի ենթավարպետը որոշել է արգահատելի հնարք կիրառել, պնդել է, որ արտաքին պարտքը չի աճել, որովհետև ներգրավված միջոցներով ՀՀ փակել է նախկին պարտքերի մի մասը և սպասարկել է պարտքի տոկոսներ։
Իբր 750 մլն դոլարով չի ավելացել պարտքը, այլ 400 միլիոնով։
Ձեռքի հետ էլ ինչ-որ անիմաստ խորհրդավոր բացատրություն է գրվել պարտատոմսերի թողարկման պրոցեդուրաների թեմայով, որին չենք էլ անդրադառնա ժամանակ խնայելու իմաստով։
Այս ցինիկության բացատրության հեղինակին հարց ուղղելը անիմաստ զբաղմունք է, բայց մեր հայրենակիցների համար կհնչեցնեմ որոշ հարցեր և պատասխաններ։
- Ինչո՞ւ է ընտրվել եվրոպարտատոմսերի տեղաբաշխման այս ժամանակահատվածը, որովհետև արևմտյան բոլոր ֆինանսական ղեկավարները մտահոգ են եկամտաբերության աճով և որոշակի քայլերի են գնալու 10 տարեկան պարտատոմսերի տոկոսադրույքների աճը չխթանելու համար։ Թեմայի շուրջ կա ԱՄՆ ֆիննախարարության և Անգլիայի բանկի ղեկավարների հանրային արձագանքը։ ՀՀ կողմից տեղաբաշխված պարտատոմսերի եկամտաբերությունը ֆանտաստիկ բարձր է 7.1 տոկոս՝ ի վնաս մեր երկրի։ Մի՞թե չէր կարելի սպասել և ընտրել տեղաբաշխման ավելի նպաստավոր պահ՝ ավելի ցածր տոկոսադրույքով:
Պատասխանենք, որ նախկինում իրականացված տեղաբաշխումները եղել են մոտավորապես 4.5 տոկոսի եկամտաբերություն։ 2.6 տոկոսի տարբերությունը պրոեկտեք 750 մլն գումարի վրա։ Դե մի քսան միլիոն էս կողմ, էն կողմը ոչինչ է, չէ՞:
2. Ինչո՞ւ է պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել 2.6 միլիարդ ԱՄՆ դոլար:
Պատասխանենք, որ այսպիսի 7.1 տոկոսը նվեր է պարտատոմսերի շուկայի շնաձկների համար, որոնց զգալի մասը թոշակային կուտակային ֆոնդերն են։ Հատկապես ուշադրության արժանի է, որ 10 տարվա պարտատոմսերի տեղաբաշխման միջին տոկոսադրույքը ԱՄՆ, Ավստրալիա, Ճապոնիա, Գերմանիա թողարկողների մոտ այս պահին կազմում է մոտ 4.6 տոկոս, իսկ օրեր առաջ մեզ նման մի քանի երկրի պարտատոմսերի տեղաբաշխման տոկոսադրույքը կազմել էր ավելի ցածր 4 տոկոսից։
3. Ինչո՞ւ են հայկական կուտակային թոշակային ֆոնդերի գումարները տնօրինվում արտասահմանյան օպերատորների կողմից, որոնք, ըստ առողջ տրամաբանության, կարող են իրենց հանձնված ձրի ռեսուրսով ձեռք բերել ՀՀ եվրոպարտատոմսեր:
Պատասխանենք, որ կուտակային թոշակային հիմնադրամներին նման ռեսուրսների տրամադրումը պետք է կապել ՀՀ տնտեսության մեջ տեղաբաշխելու պայմանի հետ միայն, և ապագայում նոր իշխանությունները վստահ գնալու են կոշտ փոփոխությունների։
4. Ինչո՞ւ մեր երկիրը չի կարողանում դուրս գալ պարտքեր ներգրավելու արատավոր շրջապտույտից։ Եվ որքանո՞վ է բացատրելի 7-8 տոկոս տնտեսական աճ ունենալու պարագայում պարտքերի մարման համար նոր, ավելի թանկ պարտքեր կուտակելը:
Պատասխանենք, որ դրա համար երկրում պետք է կատարվեն իրական բարեփոխումներ և դրանց N1 պայմանը քպ իշխանության հեռացումն է։ Մի փոքր հաշվարկ կատարելու համար հիշենք, որ մարտի 26-ին մարվելու է մոտ 140 մլրդ դրամի արտաքին պարտք։ Հիմա մի՞թե դա այն ահռելի գումարն է, որը պետությունը չի գտնում իբր թե աճող տնտեսության մեջ:
Իշխանությունները միայն վերջերս հայտարարեցին, որ ԶՊՄԿ կողմից ստացել են 100 մլրդ դրամից ավելի շահաբաժիններ։ Չեմ ուզում հիշատակել բազմաթիվ նշանակալի այլ մուտքեր պետական բյուջե։
Խնդիրն այլ տեղ է։ 2024 թվականին հարկային թերհավաքագրումը կազմել էր 224 մլրդ դրամ, այսինքն՝ դրա հաջողելու դեպքում պետք չէր լինի հիմա նման կասկածելի թանկ վարկ ձեռք բերել։ Որևէ մեկը կրե՞ց դրա համար պատասխանատվություն, որևէ մեկը ԱԺ պատգամավորներից հրաժարվե՞ց իր պատգամավորական մանդատից, որովհետև չէին հասկացել տնտեսության մեջ առկա բացթողումը:
Կա խնդրի մյուս կողմը նաև։ Պետական տնտեսական պլանավորման անհասկանալի մեխանիկան։ Ինչպե՞ս կարելի է զանազան սուբվենցիաների միջոցով փոշիացնել թանկարժեք ռեսուրսները, ինչպե՞ս կարելի է ԱՆԻՖ կոչվող հիմնարկում տասնյակ միլիոնավոր դոլարներ կորցնել, ինչպե՞ս կարելի է թմրամոլ երգչին 6 մլն դոլար գցվել, ինչպե՞ս կարելի է թանկարժեք ավտոմոբիլային միջոցներ գնել թանկարժեք պարտքերով, ինչպե՞ս կարելի ոչ համարժեք պարգևատրումներով մսխել թանկարժեք վարկերը։
Բոլոր հարցերը պահանջում են քաղաքական լուծում։
Որպես վերջաբան։
Շատ հետաքրքիր կլիներ իմանալ, թե Լոնդոնի բորսայի այդ ո՞ր երջանիկ բրոքերային կազմակերպությունն է համագործակցում ՀՀ հետ՝ պարտատոմսերի տեղաբաշխման հարցով։
Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչ