Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որ քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջից հեռացրել էր 2016 թվականի այն գրառումը, որում այդ ժամանակվա քաղաքապետարանի անձնակազմին՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, հորդորում էր վերցնել բահերն ու Երևանի փողոցներից մաքրել ձյունը, վերականգնել է։ Ավինյանը գրառումը վերահրապարակել է Factor TV-ի հրապարակումից հետո։
Որ գրառումը հեռացրել էր էջից, Factor TV-ն պարզել էր նրա էջի «հրապարակման ֆիլտրեր» գործիքի միջոցով, որը թույլ է տալիս ֆիլտրել կամ սահմանափակել հրապարակումները՝ ըստ որոշակի չափանիշների։ Ավինյանն այդ գրառումն արել է 2016 թվականի դեկտեմբերի 26-ին, երբ ինքն ակտիվիստ էր, իսկ ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը՝ Երևանի քաղաքապետ։ «Եթե ձյուն մաքրելու տեխնիկա չկա, լուծումը հետևյալն ա. քաղաքապետարանի անձնակազմը, Տարոնի գլխավորությամբ, վերցնում են բահերը (լապատկա) ու հայդե փողոցներով ձյուն մաքրելու։ #ԺողովրդիԾառա», – գրել էր ակտիվիստ Տիգրան Ավինյանը։