«Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով աղբյուրները, հայտնել է, որ երեքշաբթի՝ փետրվարի 18-ին, Սաուդյան Արաբիայում բանակցություններ կանցկացվեն Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև։
ԱՄՆ պատվիրակության կազմում կլինեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Ռուսաստանի պատվիրակության ստույգ կազմը հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ, կլինի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Bloomberg-ի փոխանցմամբ՝ այնտեղ կլինեն նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Բացի այդ, բանակցությունները ղեկավարում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, որը սովորել և աշխատել է ԱՄՆ-ում։
Կիևը Սաուդյան Արաբիայում հանդիպման հրավեր չի ստացել՝ փետրվարի 15-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Թրամփը մեկ օր անց ասել է, որ Ուկրաինայի առաջնորդը կմասնակցի պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցություններին։ Նույնն ասել է Ուիթքոֆը, իսկ Ռուբիոն CBS-ին հայտնել է, որ ցանկացած «իրական բանակցություններին» մասնակցելու են և՛ Ուկրաինան, և՛ Եվրոպայի երկրները։