Տրանսպորտի սակագնի թանկացումը ՄԻՊ-ի իրավասության շրջանակներում ընդգրկված հարց չէ, հետևաբար, ես չեմ այն անձը, ով կարող է պատասխանել հարցին՝ արդյոք տրանսպորտը պետք է թանկանա և ինչքա՞ն գումարով, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝
Անահիտ Մանասյանը տեղեկացրեց, որ ստացել են դիմում-բողոքներ, որոնք վերաբերում են այն դեպքերին, որ քաղաքացիները թիրախավորվում են։
«Այն պարագայում, երբ, օրինակ, մարդիկ չեն ուզում մասնակցել ակցիաներին, բողոքում են, որ թիրախավորվել են։ Մենք նաև բողոքներ ենք ստացել քաղաքացիներից, ովքեր գտնվում են հանրային տրանսպորտում, և այդ ընթացքում, օրինակ, նկարահանում է իրականացվում տրանսպորտում, բայց իրենք չեն ուզում, որ իրենց անձնական տվյալները հրապարակվեն։ Սակայն բոլորս ենք տեսնում, որ տեսանյութերը տարածվում են։ Սրանք մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր են, և դրանց մենք անդրադարձ ենք կատարում»,- նշեց նա։
Ըստ Մանասյանի՝ եթե քաղաքացին ուզում է ակցիա իրականացնել, չպետք է դրա համար թիրախավորվի, բայց միաժամանակ չպետք է թիրախավորվեն նաև այն անձինք, որոնք չեն ուզում որևէ ակցիայի մաս կազմել։








