Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն ազատ է արձակել եւս չորս իսրայելցի պատանդների։ Սա 2023 թվականի հոկտեմբերին խմբավորման կողմից գերեվարված պատանդների երկրորդ փոխանակումն է պաղեստինցի բանտարկյալների հետ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շրջանակում։
Շաբաթ առավոտյան Կարմիր Խաչին են հանձնվել կին զինվորներ՝ Կարինա Արիևը (20 տարեկան), Դանիելա Գիլբոան (20 տարեկան), Նաամա Լևին (20 տարեկան) և Լիրի Ալբագը (19 տարեկան)։ Նրանք գերեվարվել են ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Գազայի հատվածի մոտ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հարձակման ժամանակ:
Իսրայելի իշխանությունները հաստատել են, որ ի պատասխան՝ ազատ են արձակել 200 պաղեստինցի բանտարկյալների։ Նրանցից 70-ը, ըստ եգիպտական լրատվամիջոցների, ավտոբուսով ժամանել են Եգիպտոս, որտեղ կտեղափոխվեն հիվանդանոցներ։
Հարյուրավոր իսրայելցիներ հավաքվել են Թել Ավիվում, այսպես կոչված, պատանդների հրապարակում՝ հսկա էկրանով դիտելու գերիների տեղափոխման գործընթացը, հայտնում է Reuters-ը։
Արիևը, Գիլբոան, Լևին և Ալբագը Գազայի հատվածի հետ սահմանին տեղակայված ռազմական հետախուզության ստորաբաժանման կազմում էին : Չորսն էլ գերի են ընկել Նահալ Օզ ռազմաբազայում, որը գրոհել են ՀԱՄԱՍ-ի զինյալները։ Աղջիկները գերության մեջ մնացել են 477 օր։
Անցյալ շաբաթ ՀԱՄԱՍ-ը Իսրայելի հետ համաձայնագրի շրջանակներում ազատ է արձակել առաջին երեք պատանդներին՝ 24-ամյա Ռոմի Գոնենին, 28-ամյա Էմիլի Դամարիին և 31-ամյա Դորոն Շտայնբրեխերին։
Նախօրեին իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ շաբաթ օրը ազատ արձակվելիք պատանդների ցուցակը չի համապատասխանում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, քանի որ դրանում չի եղել քաղաքացիական պատանդ Արբել Յեհուդը։
Գործարքի համաձայն՝ նախ պետք է ազատ արձակվեն քաղաքացիական կանայք, հետո՝ զինվորականները, իսկ հետո՝ 50-ն անց տղամարդիկ ու բժշկական օգնության կարիք ունեցողները։
Սակայն Իսրայելը որոշեց, որ խախտումը բավական լուրջ չէ պայմանավորվածությունը չեղարկելուելու համար. նշում է Times of Israel-ը։ Կատարի վարչապետն ասել է, որ Յեհուդը, որը, ենթադրաբար, գտնվում է «Իսլամական ջիհադ» խմբավորման մեջ, ազատ կարձակվի հաջորդ շաբաթ:
Ակնկալվում է, որ շուտով ՀԱՄԱՍ-ը տեղեկատվություն կհաղորդի մնացած 26 պատանդների մասին, որոնք, համաձայն հրադադարի պայմանների, պետք է ազատ արձակվեն առաջիկա հինգ շաբաթվա ընթացքում։