Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Կալանայրերում մահերի, ինքնասպանությունների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումներն ու ստացված ահազանգերը վկայում են, որ 2025 թվականի հունվար ամսվա դրությամբ ազատությունից զրկման վայրերում գրանցվել է մահվան 3, այդ թվում՝ ըստ  հրապարակված տեղեկատվության` ինքնասպանության 2 դեպք: Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Պաշտպան Անահիտ Մանասյանը մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում և հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը դրանց կանխարգելման խնդիրներին:

Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր դեպքով իրավասու մարմիններից պահանջել է պարզաբանումներ և վարույթների արդյունավետ քննության կապակցությամբ գրություն հասցեագրել Քննչական կոմիտե:

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:

Ազատությունից զրկման վայրերում կյանքի և առողջության պահպանման իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: