Հաճույքով տեղեկացանք, որ Երեւանի Պետական Կոնսերվատորիայի հրատարակությունը հանդիսացող «Երաժիշտ» ամսաթերթն այս տարի դառնում է 20 տարեկան: Խոստովանենք, որ մշակութասեր մեր հանրությունը, ակնկալվածին հակառակ՝ գրեթե զրկված է մշակութային մամուլից, շատ քիչ բացառությամբ: Եվ այդ բացառություններից մեկը «Երաժիշտ» ամսաթերթն է, որը հրատարակվում է արդեն 20 տարի, նվիրյալ երկու հայուհիների՝ թողարկման պատասխանատու, երաժշտագետ Գոհար Շագոյանի ու գլխավոր խմբագիր, երաժշտագետ Արմինե Աթոյանի ջանքերով:
Ամսաթերթի 20-ամյա հոբելյանը պաշտոնապես կնշվի հունվարի 28-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայանալիք շնորհանդեսին:
Մինչ այդ ջերմորեն շնորհավորում ենք «Երաժիշտ» ամսաթերթի 20-ամյակը, հետագա հաջողություններ մաղթում հրատարակչական-խմբագրական կազմին եւ հոգեմտավոր վայելք՝ ընթերցողներին:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ