Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունն ամբողջությամբ համապատասխանում է ՔՊ-ի չափանիշներին. ես արդեն մոռացել եմ՝ ինչ չափանիշներ գոյություն ունեն ԲԴԽ անդամ լինելու համար, քանի որ ՔՊ-ն ում ուզում՝ անցկացնում է, երբ ուզում՝ անցկացնում է, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
«Հայհոյախոսությունը ՔՊ-ի համար շատ կարևոր է. կարևոր է, որ տվյալ թեկնածուն հենց այդպիսի հայհոյախոսություն գրի կամ ատելության խոսք ունենա արցախցիների նկատմամբ։ Փաստորեն այս ամենը չի անհանգստացնում ՔՊ-ին։ Նրանց համար՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի համար, կարևորն իրեն ենթարկվող, իր sms-ներին միանգամից համաձայնող այդպիսի մեկն է, այսինքն՝ վարկաբեկված մի անձ, որը վարկաբեկելու է ամբողջ Բարձրագույն դատական խորհուրդը»,- ասաց իրավապաշտպանը։
Ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ արդարության, արդարադատության, բարոյականության մասին խոսք անգամ չի կարող լինել, երբ բարոյազրկման մթնոլորտ է բոլոր ոլորտներում։
«Մի քանի օր առաջ էլ խոսում էր դատական համակարգից, արդարությունից, արդարադատությունից, բայց իրականությունը մեզ լրիվ ուրիշ բան է ցույց տալիս։ Ինքը դատական համակարգը համալրում է այսպիսի՝ իրենց համար արժեքավոր թեկնածուներով. իրենց համար արժեքները հենց հահոյանք տվող՝ հատկապես արցախցիներին հայհոյող անձինք են»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ԲԴԽ-ն կամ դատական համակարգը քաջություն ունենան ընդվզելու ՔՊ-ի կողմից Ալեքսանդր Սիրունյանի առաջադրման դեմ, Ժաննա Ալեքսանյանը պատասխանեց՝ ինքը չգիտի՝ Բարձրագույն դատական խորհրդի մնացած անդամներն ավելի՞ բարոյական կերպար ունեն, քան Սիրունյանը։
«Չեմ կարող ասել, այդ մարդկանց չեմ ճանաչում, և հետո այս երկրում մի հոգի է ղեկավարում։ Այդ մի հոգին է ամեն ինչը որոշում։ Եթե ԲԴԽ-ն որևէ օրինական ցանկություն ունենար, կարտահայտվեր։ Պաշտոններից հեռացան, ոչ մեկ ոչ մի խոսք չասաց, բոլորը գոհ ու երջանիկ գնացին sms-ներից հետո։ Դրանից հետո էլ ի՞նչ ասեմ, եթե իրենք գոհ ու երջանիկ են»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր հերթին երեկ տարածել էր Սիրունյանի ֆեյսբուքյան գրառումները, որտեղ ատելության քարոզ էր ու հայհոյանքներ։