Կիրակի, 26 Հուլիս, 2026

ՀԹՄՄ-ը շնորհավորում է կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի 70 ամյակը

Հայաստանի Թեքեյան մշակութային միության շնորհավորանքը՝ կինոռեժիսոր, ՀԹՄՄ կենտրոնական վարչության անդամ Հարություն Խաչատրյանի ծննդյան 70-ամյակի առթիվ։

«Հոբելյանը յուրատեսակ առիթ է Ձեր՝ որպես անհատի, կինոգործչի բեղուն գործունեությունը, անցած բովանդակալից ուղին ևս մեկ անգամ արժևորելու և գնահատելու տեսանկյունից։ 

Սիրելի Հարություն, Դուք մերօրյա կինոարվեստի անվանի գործիչներից եք, ում անունը հայտնի է ոչ միայն կինոսերներին, այլև հասարակության լայն շրջանակին, հեղինակավոր փառատոնների կազմակերպիչներին։ Հեղինակ եք «Կոնդ», «Սպիտակ քաղաքը», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վավերագրողը», «Պեոտի վերադարձը» և այլ նշանավոր կինոֆիլմերի, որոնք Ռուսաստանի,  Շվեյցարիայի, Հունգարիայի Գիորի, Ռոտերդամի և  միջազգային այլ կինոփառատոններում արժանացել են բարձրագույն գնահատանքի։ 

Անգնահատելի է Հարություն Խաչատրյանի ներդրումը  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կայացման գործում։ Ձեր անմիջական ջանքերով մեր երկիր են այցելել համաշխարհային ճանաչում ունեցող կինոգործիչներ։ Ժամանակակից մշակութային կյանքի աշխուժացման և հարստացման, ինչպես նաև հայ կինոյի հանրահռչակման գործում Ձեր անունն ու գործն անփոխարինելի են։ 

Հարգելի պարոն Խաչատրյան, Դուք Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության երկարամյա անդամներից եք և հաճախ Ձեր ներկայությամբ պատվում եք մեր ձեռնարկները՝ ի նպաստ մշակութապահպան ծրագրերի։ 
Մաղթում ենք քաջառողջություն, ստեղծագործական նոր նվաճումներ, երկարամյա գործունեություն՝ ի փառս հայ ազգային մշակույթի»։

Ի դիմաց՝ ՀԹՄՄ կենտրոնական վարչության

ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ