Կիրակի, 26 Հուլիս, 2026

Տեսանյութ. Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարված. հրդեհն ընդգրկել է 900 հեկտար

Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով, որոնք ընդգրկել են քաղաքի արևմուտքում գտնվող մի քանի շրջաններ։ Վերջին տվյալներով՝ երկու մարդ զոհվել է։ Տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանվել են, կրակը մարելու համար  աշխատում  է գրեթե մեկուկես հազար հրշեջ, սակայն ուժգին քամիները կրակն ավելի են բորբոքում. հայտնում է BBC News-ը։

Լոս Անջելեսի շրջանի հրշեջների ղեկավարը հայտնել է, որ Փասադենայի մերձակայքում հրդեհը   երկու մարդու կյանք է խլել:

Գերատեսչության ղեկավար Էնթոնի Մարոնեի խոսքով՝ շատերը այրվածքներ են ստացել։

Փասադենայի մերձակայքում բռնկված հրդեհն արդեն ընդգրկել է ավելի քան 900 հեկտար տարածք, և, ըստ Մարոնեի, այն հնարավոր չէ հանգցնել, թեև 700 հրշեջներ պայքարում են կրակի դեմ։

Իշխանությունները զգուշացնում են, որ իրավիճակը սրվում է փոթորկոտ քամիների և չոր եղանակի պատճառով։

 Փասադենայի մոտ բռնկված հրդեհն արդեն ավերել է ավելի քան 100 շենք, այն սպառնում է Լոս Անջելեսի և շրջակա տարածքի բոլոր բնակիչներին։

Լոս Անջելեսում  ապրում է 9,66 միլիոն մարդ:

Վարչաշրջանի շերիֆ Ռոբերտ Լունան լրագրողներին ասել է, որ Փասադենայի և շրջակա տարածքի 32,500 բնակիչների այժմ տարհանման հրաման է տրվել, ևս 38,600-ը նախազգուշացվել է հնարավոր տարհանման մասին: