ԵՐԵՎԱՆ–ԺՆԵՎ – Բեյրութում ծնված շվեյցարաբնակ Վիգեն Բայրամյանը միջազգային բիզնես իրավաբան է եւ շարունակական ձեռնարկատեր (մեկը, ով անընդհատ նոր բիզնես է սկսում)։ Սորբոնի համալսարանում եւ Բոսթոնի Սաֆոլք իրավաբանական դպրոցում ստացել է իրավագիտության մագիստրոսի կոչում միջազգային բիզնեսի, առեւտրի եւ հարկային իրավունքի բնագավառում: Շվեյցարիայում բնակվում է 2005-ից։ Որպես գլխավոր խորհրդական ավելի քան 15 տարի աշխատել է պողպատի եւ հանքարդյունաբերության «Մեթինվեսթ» միջազգային ընկերությունում: 2015-ից առեւտրի միջազգային իրավունքի եւ այլընտրանքային տարաձայնությունների լուծման ոլորտի «Ֆիլդ սոլուշըն» ընկերության հիմնադիր գործընկեր է։ Հանդես է եկել որպես դատավոր կամ տրիբունալների անդամ՝ ապրանքների առեւտրի եւ առաքման հետ կապված մի շարք գործերում: Որպես փաստաբան հանդես է եկել տարբեր նշանակալից միջազգային դատական գործերում, հիմնականում՝ ապրանքների առեւտրի ասպարեզում: Համահիմնադիրն է «Կրիպտոլեքս» ընկերության, որը բլոքչեյն տեխնոլոգիայի (թվային տեղեկությունների պահպանման եւ փոխանցման տեխնոլոգիա) առաջամարտիկն է, հայտնի իր նորարարական սերտիֆիկացման NTITY հավելվածով: Ընկերությունը ներկայացրել է նորարարական ապրանքներ, որոնցից են «Մասթըրբլոք» շվեյցարական առաջին շքեղ մեխանիկական ժամացույցը եւ բլոքչեյնի վրա հիմնված «Վուա» քվեարկության լուծումը, որը Շվեյցարիայի եւ հարեւան երկրների խոշոր հաստատություններն օգտագործում են 2019-ից:
2024 թվականին Բայրամյանը ֆրանսերենով լույս է ընծայել իր առաջին գիրքը՝ «Միշելի համոզմունքները» վեպը, որը թարգմանվել է անգլերեն եւ հայերեն (թարգմանիչ՝ Էլեն Օհանջանյան): Որպես «պատերազմի զավակ»՝ հեղինակը որոշել է հայերեն գրքի վաճառքից ստացված հասույթը հատկացնել Արցախից տեղահանված անապահով ընտանիքներին։ Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ անցած նոյեմբերի 21-ին, Երեւանում…
–Հարգելի՛ Վիգեն, նախ ուզում եմ շնորհավորել ձեր առաջին վեպի կապակցությամբ, որն ընթերցեցի մեծ հաճույքով: Ձեր վեպի (ակնհայտորեն՝ կիսով չափ կենսագրական) գլխավոր հերոսը բեյրութցի դեռահաս է, որին դուք անվանում եք «պատերազմի զավակ»: Իրավաբանի եւ գործարարի այսքան տարիների հաջող կարիերայից հետո ի՞նչը ձեզ ոգեշնչեց գրել: Եվ ինչպե՞ս ընդունեցին ձեր ստեղծագործությունը քննադատներն ու ընթերցողները:
–Ես միշտ բուռն հակում եմ ունեցել դեպի գրականությունն ու փիլիսոփայությունը: Գրել սկսել եմ շատ վաղ տարիքից (արաբերեն), բայց երբեք չեմ հրատարակվել: «Միշելի համոզմունքները» սկսեցի գրել 2015-ին, սակայն տպագրելու նպատակ չունեի: Ժամանակի ընթացքում վեպի ստեղծման ձեւն ինձ ստիպեց հավատալ, որ դրա հրատարակումը կարող է որոշակի նպաստ բերել, հատկապես որ պատերազմի պատրանքը նորից սկսել է ցրվել ոչ միայն Հայաստանում, այլեւ Մերձավոր Արևելքում, ինչպես նաև աշխարհի այլ մասերում: Ի դեպ, երբ Շառլ Ազնավուրն իմացավ, որ գիրք եմ գրում, ինձ ասաց. «Շարունակի՛ր գրել եւ երբեք ուշադրություն մի՛ դարձրու քննադատություններին»։
Գիրքս անսպասելի դրական ընդունելություն ունեցավ։ Ամենաապշեցուցիչն այն էր, որ մի քանի ընթերցողներ, անգամ առանց ինձ ճանաչելու, կարողացան ըմբռնել այն ուղերձները, որոնք գիրքը փորձում է փոխանցել, եւ սա իսկապես հայտնություն էր: Մարսելից մի ֆրանսուհի ընթերցող «Ամազոնում» գրի էր առել հետեւյալը. «Հատկանշական մի գիրք, որը քեզ հետ մնում է ընթերցումն ավարտելուց երկար ժամանակ անց։ Անձնական մտորումների մի գեղեցիկ հրավեր, որտեղ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ, բայց «Անպատասխան հարցերի գեղեցկությունը փոխարինում է բոլոր հարցերի պատասխանները գտնելու մոլուցքային եւ ամուլ որոնումներին»:
–Ձեր հերոս Միշելն իր ողջ կյանքի ընթացքում կրում է տարագիր ժողովրդի, «փոքրամասնության» մաս լինելու բեռը: Դուք դեռ այդպե՞ս եք ձեզ զգում:
–Զգում եմ եւ միշտ կզգամ, բայց ժամանակի ընթացքում փոքրամասնություն լինելը կարող է որոշակի հավելյալ արժեք ապահովել, եւ սա այն է, ինչ Միշելը փորձում է ցույց տալ իր արկածների ընթացքում՝ ճամփորդելով պատրանքների եւ որոշակիությունների միջեւ:
–Նիցշեն ձեր հերոսի դաստիարակն է. փիլիսոփայությունը կարծես թե կարեւոր դեր ունի ձեր աշխարհընկալման մեջ:
–Այո՛, բացարձակապե՛ս։ Ես հայտնաբերեցի Նիցշեին, երբ 15 տարեկան էի, եւ նա բառացիորեն փրկեց ինձ պատերազմից՝ համարձակվելով անցնել բարու եւ չարի սահմաններից:
–Սեռականությունը կարեւոր տեղ է գրավում դեռահասների կյանքում, ուստի ձեր վեպում այդ թեման նույնպես շոշափվում է: (Ի դեպ, իմ սերնդի համար վիճակն ավելի վատ էր Խորհրդային Հայաստանում)։ Կարծում եմ՝ այս թեման արժանի է առանձին անդրադարձի գրականության մեջ:
–Միշելի արկածների վրա ազդում է ոչ թե ինքնին սեռականությունը, այլ ամուլ դոգմաների եւ բացարձակ հայտարարությունների վրա խարսխված ընկալումը: Գրքում առկա հայտարարությունը, թե «այն ինչ արգելված էր, դարձավ պարտադիր», դրա ակնհայտ օրինակն է։
–Հայազգի ֆրանսիական գրող Վահե Քաչան իմանալով, որ իր ստեղծագործությունները թարգմանվում են հայերեն, խոստովանել է, որ իրեն մի փոքր վիրավորված է զգացել՝ բացատրելով, որ թեեւ դրանք գրված են ֆրանսերեն, սակայն մտածված են հայերեն: Իսկ դո՞ւք։
–Գրքի շնորհանդեսի ժամանակ ընթերցված հայերեն հատվածները լսելիս ոչ մի վիրավորանք չեմ զգացել։ Հատուկ զգացմունքային պահ էր, եւ ես պատկերացնում էի, թե ինչ կզգար Մայրիկս, եթե տակավին մեզ հետ լիներ ու լսեր այդ տողերը Մաշտոցի լեզվով։ Հայերեն թարգմանության որակն իսկապես շատ լավն է, քանի որ թարգմանիչը կարողացել է խորանալ տեքստի հոգու մեջ, եւ ես իսկապես հուսով եմ, որ հայերեն ընթերցողները ֆրանսերեն բնօրինակը կարդացողների պես նույն հուզմունքը կապրեն։
–Լիբանանահայերը սովորաբար ստանում են ազգային կրթություն, մինչդեռ դուք չեք ստացել: Այդուհանդերձ կարծում եմ, քանի որ ձեր վեպում հիշատակել եք Հակոբ Պարոնյանին, պետք է ինչ–որ չափով տեղյակ լինեք հայ գրականությանն ու մշակույթին:
–Ոչ այնքան, որքան կուզեի տեղյակ լինել, անգամ եթե մայրիկս հայ արձակի ու բանաստեղծության մեծ ընթերցող էր եւ ինձ համար անընդհատ մեջբերում էր հայ մեծ գրողներին եւ բանաստեղծներին։ Ես Պարոնյանի շատ մեծ երկրպագու եմ, քանի որ նա իսկապես հայեցող էր, որը հստակորեն պատկերել է իր ժամանակ խաղացված մարդկային կատակերգությունը՝ որոշակիության բավական մեծ չափաբաժնով, որը վերածվում էր պատրանքների եւ հակառակը:
–Ինձ մշտապես հետաքրքրել է բազմալեզվությունը։ Դուք խոսում եք ինը լեզվով: Որոշ լեզուներ կարծես ավելի հարմար են թվում որոշակի գործառույթների համար: Ի՞նչ կասեք այդ մասին:
–Յուրաքանչյուր լեզու իսկապես մի քանի նոր հորիզոնի բանալի է: Ես առանձնահատուկ հաճույք եմ ստանում հայերենից, երբ աղոթում եմ, արաբերենից, երբ բանաստեղծում եմ (քանի որ այն չափազանց հարուստ բառապաշար ունի), ֆրանսերենից, երբ վեպ եմ գրում, անգլերենից, երբ գործարքներ եմ կնքում, եւ այլն: Դրանք սոսկ նախնական կապեր են, ստատիկ չեն, շատ շարժուն են, քանի որ զարգանում են մի քանի գործոններով: Այստեղ գլխավորը միտքը կառավարելն ու թարգմանությունից խուսափելն է, որպեսզի ամեն մի լեզվի յուրաքանչյուր բառով ճանապարհորդեք դեպի այն նոր հորիզոնները, որոնց մասին ասացի:
–Ի՞նչ կասեք տարիներ առաջ ձեր նախնիների բնօրրան կատարած այցելությունից:
–Երբ 2012 թվականին այցելեցի Մուշ եւ գտա նախնիներիս օրրան Կողբ գյուղը (այժմ՝ Շեյխ Յակուբ), քարերն այնտեղ իսկապես խոսուն էին։ Այդ ընթացքում նույնիսկ մի քանի բանաստեղծություն գրեցի, քանի որ այդ քարերի եւ երկրի էներգիան շատ ոգեշնչող էր։ Զգացի, որ պետք է շփվել նախնիներիս հետ, որոնք կյանք կոչվող այս ճանապարհորդության ընթացքում աշխատել են իրենց այդ քարերի վրա: Ոմանք կարող են հերքել հայերի գոյությունն այդ հողերում, բայց այն էներգիան, որը զգում ես՝ այնտեղ լինելով, անհնար է հերքել, եւ դա «փամփշտակայուն» է:
–Դուք Լիբանանը որակում եք որպես «պատրանքների հասարակություն»: Չե՞ք կարծում, որ ցանկացած հասարակություն, այդ թվում՝ Հայաստանինը (որին դուք դիպուկ կերպով անվանում եք սեփական պատմության եւ աշխարհագրական դիրքի զոհ), ի վերջո կշահի՝ թոթափելով իր պատրանքները եւ առերեսվելով իրականությանը:
–Պատրանքի գլխավոր բնութագիրը շատ գրավիչ լինելն է։ Մարդիկ պատրանքների կարիք ունեն, որպեսզի կերակրեն իրականության իրենց ընկալումը: Մյուս կողմից վստահ լինելը կարող է պատրանք դառնալ՝ միաժամանակ հասունանալով ժամանակի ընթացքում: Վոլտերն ասում էր. «Եթե կասկածելը դժվար է, ապա վստահ լինելը ծիծաղելի է»: Ես լիովին համաձայն եմ այս կարծիքին: Բեյրութը հակասությունների քաղաք է մի քանի մակարդակով։ Այդ հակասությունները ժամանակի ընթացքում լավ քողարկվել են՝ ստեղծելով կայունության ամենավտանգավոր պատրանքը։ Պատրանքները կարող են շատ վտանգավոր լինել, հատկապես երբ դրանք բախվում են իրականության որոշակի «ստուգումների»: Որպես սփյուռքահայ՝ ես դեռեւս ի վիճակի չեմ լիովին ընկալել Հայաստանի Հանրապետությունում առկա մի քանի հակասություններ։ Պետք է ասեմ, որ 2000-ականների սկզբին ռուսերեն սովորելն ինձ ստիպեց ավելի ու ավելի հատուկ ընկալել տեղական որոշ արտահայտություններ, որոնք առանցքային են տեղական մտածելակերպի որոշ շերտեր հասկանալու համար: Չեմ կարծում, որ թե՛ Լիբանանը, թե՛ Հայաստանն ի վիճակի են լիովին պատրանքաթափ լինելու, քանզի Հայաստանը դեռ արբած է իր անցյալի, այսպես կոչված, փառքով, իսկ Լիբանանը սկսել է հավատալ իր իսկ ստերին, որ իբր ինքն ընտրյալ ժողովուրդ է:
–Ձեր երկու երկրները՝ Լիբանանը եւ Հայաստանը, այսօր կրկին անկայուն վիճակում են, ինչպես, ցավոք սրտի, աշխարհի շատ այլ երկրներ: Ավարտելով մեր զրույցը՝ եկե՛ք խաղաղություն եւ արժանապատիվ կայունություն մաղթենք մեր երկրներին եւ աշխարհին՝ հուսալով, որ այլեւս պատերազմի զավակների մասին գրքեր չեն գրվի:
–Պատերազմում հաղթողները ողջ պատմության ընթացքում ներկայացնում են մարդկային պատրանքների շատ հաստատուն արտացոլումը: Ես բաժանում եմ ձեր հույսը, սակայն, լինելով պատերազմի զավակ, շատ շուտ հրաժարվեցի արդարության գաղափարներից: Արդարությանը չհավատացող իրավաբան. շատ հետաքրքրական համադրություն է, չէ՞…
Արծվի Բախչինյան