Կայացել է «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի գալա-համերգը, որի ընթացքում հայտարարվել են լավագույնը ճանաչված 6 ներկայացումները:
Գլխավոր մրցանակը ստացել է Երեւանի` Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցը (Լեոնել Բարտ, «Օլիվեր»):
Առաջին մրցանակին արժանացել է Արմավիր քաղաքի արվեստի պետական քոլեջը (Լեոնարդ Բերնստայն, «Վեսթսայդյան պատմություն»): Երկրորդ մրցանակը կիսել են Արարատ քաղաքի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցը (Մոցարտ, «Կախարդական սրինգ») եւ Երեւանի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցը (Ռոբերտ Շերման, «Մերի Փոփինս»), իսկ երրորդը` Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոցը (Քեյն, «Պանդորայի արկղը») եւ Երեւանի Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցը (Ռիչարդ Ռոջերս, «Երաժշտության ձայները»):
Հայտնի են դարձել նաեւ «Լավագույն դերակատարուհի», «Լավագույն դերակատար», «Հանդիսատեսի համակրանք», «Հատուկ մրցանակ» անվանակարգերում հաղթողների անունները:
Հաղթողները պարգեւատրվել են հատուկ պատրաստված անակնկալ մրցանակներով եւ պատվոգրերով: Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցների կատարմամբ առաջին անգամ հնչել է հատուկ «Հազարան բլբուլ» մրցույթ- փառատոնին նվիրված` «Օրն է երբ բացվում» երգը (երաժշտությունը` Մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջյումյանի, խոսք` Մարինե Թագակչյանի):
Արդեն երկրորդ տարին Հայաստանում անցկացվում է «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական ամենամյա մրցույթ-փառատոնը: Այս տարի մրցույթ-փառատոնն անցկացվել է ՀՀ Մշակույթի նախարարության, «Առաջ, երեխաներ» կրթամշակութային հասարակական կազմակերպության եւ «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ:
Մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: