Զինվորներն առաջնագծում, կանայքՙ թիկունքում, այսքանից հետո էլ ի՞նչ պարտություն: Հայրենիքի պաշտպաններին ամեն կերպ օգնելու ցանկությունը բոլորին է համակել:
«Զինվորների անուշ ու տաք քունը ծնողների քաղցր երազանքն է», այս եւ այլ մաղթանքներով քնապարկերն ու անձրեւանոցները զինվորի տաքությունն ապահովելու համար են: Զինվորի համար հարկ լինի ողջ գիշերն էլ կաշխատենք»,- ասում են բնակարանըՙ կարի արտադրամաս վերափոխած կանայք:
«Մենք ուզում ենք, որ աշխատանք կատարվի, օգտակար գործ անենք, մենք էլ էստեղ զինվոր լինենք: Ոչ մի բանով մեր զինվորներին, մեր հարազատներին, մեր առյուծներին չենք կարողանում օգնել, գոնե էսպես օգնենք: Բոլորս մեկ մարդու նման պատրաստ ենք առանց հանգստյան օրի աշխատել եւ օր առաջ, ժամ առաջ անհրաժեշտ քնապարկերը զինվորին հասցնել»,- մեզ հետ զրույցում ասաց Հասմիկ Խաչատրյանը:
Ռազմաճակատում կռվող տղաներից, կամավորականներից ամեն մեկը հերոս է, ասում են ՙ այն, ինչ հիմա անում ենք, նվազագույնն է սահմանին կանգնած զինվորի համար:
«Զինվորի համար տաք քնապարկերը կարում ենք բնական բրդի հումքով, դրանք կարող են ծառայել նաեւ որպես տաք ծածկոցներ: Իսկ եթե դիրքերում զինվորը քնի ժամանակ էլ ունենա, գլուխը քարին դնելու փոխարեն բարձ էլ կհասցնենք», – ասաց Հ.Գրիգորյանը ավելացնելով, որ բարձեր կարելը իր մտահղացումն է, դրանց մեջ շատ ուժ ու ջերմություն է դրել:
«Տղաս ապրիլյան քառօրյայի մասնակից է: Իրենք էն ժամանակ, որ դիրքերում էինՙ համընկավ ցուրտ, անձրեւային եղանակներին, ու երբ հետը խոսում էինք, ասում էր, որ քնապարկի ու անձրեւանոցի կարիք են ունեցել: Էս տարիներին, ոնց որ խիղճս անընդհատ տանջեր, թե երեխեքը մրսել են ու մենք ոչնչով չենք կարողացել օգնել: Երբ կոչ եղավ օգնել առաջնագծինՙ մի վայրկյան չենք տատանվել, թե ինչ պիտի անենք: Տղաս ինքն անմիջապես առաջարկեց քնապարկ ու անձրեւանոց կարել», -պատմում է տիկին Հասմիկը:
Ասում ենՙ հետո էլ անձրեւանոցներ են կարելու, որ սահմանին անսասան կանգնած մեր քաջերը հանկարծ չթրջվեն:
«Բոլորս մեր հերոսների կողքին ենք: Հպարտ ենք, որ մեր հայրենիքը նման արժանի զավակներ ունի»,- ասում են աշխատակիցները:








