Թավրիզում լույս տեսնող իրանական «Ղորուբ» պարբերականն իր վերջին համարներից մեկում պարսկերենով հրապարակել է Իրանի աշուղական արվեստի զարգացմանը նշանակալի նպաստ բերած հայազգի անվանի դուդուկահար Առաքել Բալայանի՝ «Մեծ դուդուկահարը» խորագրով կենսագրական հոդվածը, որի թարգմանությունը ներկայացվում է հատվածաբար:
Աշուղական արվեստին քիչ թե շատ ծանոթ թավրիզցիները հաստատ կհիշեն դուդուկահար Առաքել Բալայանին, կամ առնվազն լսած կլինեն նրա բացառիկ կատարողական արվեստի մասին:
Առաքելը ծնվել է 1888 թվականին՝ Ղարադաղի (Փայտակարան) Նեփեշտ գյուղում: Պատանեկության տարիներին նրան հմայում են ծիրանափողի կախարդական հնչյունները: Երաժշտության նկատմամբ ունեցած բացառիկ օժտվածության շնորհիվ նա կարողանում է շատ արագ տիրապետել դուդուկի միջոցով հույզերն արտահայտելու նրբին արվեստին:
Առաքելը տակավին երիտասարդ էր, երբ կորցնում է մորը: Կյանքը դասավորելու համար նա ամուսնանում է, ու նրանք լույս աշխարհ են բերում երկու դուստր ու մեկ որդի:
Իր բնակության վայրում աշխատանք գտնելու սահմանափակ հնարավորությունների պատճառով Առաքելն ստիպված է լինում արտագաղթել մեծ քաղաքներ: Նախ հայտնվում է Բաքվում, ապա նաեւ՝ Գանձակում, որտեղ էլ բնակություն է հաստատում:
Կնոջ անժամանակ մահը մեծ հարված է հասցնում Առաքելին, եւ քանի որ փոքրահասակ զավակները խնամքի կարիք ունեին, նորից է ամուսնանում:
Գանձակում ապրած տարիներին, բանվորությունից բացի, երաժշտությունը թե՛ որպես ժամանցի եւ թե՛ զվարճանքի միջոց, դառնում է նրա առօրյայի անբաժան ուղեկիցը, որի շնորհիվ էլ գնալով ավելի էր վարպետանում:
1937 թվականին Խորհրդային Միությունն իր երկրի քաղաքացիությունը չստացած անձանց ստիպում է լքել երկիրը: Այդ էր պատճառը, որ անվտանգության ծառայողները գիշերով Առաքելին գնացք են նստեցնում ու Թավրիզ ուղարկում: Մեկնումն այնքան անսպասելի էր, որ Առաքելը նույնիսկ չի հասցնում հրաժեշտ տալ ընտանիքին:
Թավրիզում Առաքելը դժվար ու կարոտով լի օրեր է անցկացնում: Գնալով մարում էր ընտանիքի հետ վերամիավորվելու Առաքելի հույսը, ինչը հոգեկան տառապանք էր պատճառում նրան:
Այդ օրերին Առաքելը դիպվածաբար ծանոթանում է իր ստեղծագործական կյանքի հետագա ընթացքի վրա խոր հետք թողած Աշուղ Հուսեյն Ջավանի հետ, որ տարիներ անց պիտի հռչակվեր որպես Ատրպատականի անվանի աշուղներից ու բանաստեղծներից մեկը: Երկու արվեստագետների համագործակցությունն ու ընկերակցությունը նպաստ է բերում Թավրիզի աշուղական արվեստի զարգացմանը: Դա համընկնում է երկրորդ աշխարհամարտից հետո Ատրպատականում ձեւավորված Խորհրդային Միության դրածո իշխանության կառավարման օրերին: Այդ շրջանում երկու արվեստասերների գործունեության վայրը դառնում է Թավրիզի ռադիոն:
Յոթ տարի տեւած տառապալի սպասումից հետո, երբ այլեւս Գանձակ վերադառնալու հույսը մարում է, Առաքելն իր ընկերների հորդորով կրկին ամուսնանում ու ընտանիք է կազմում: Այս անգամ էլ է Առաքելի նորակազմ ընտանիքում ծնվում են երկու դուստր եւ մի որդի:
Ցավոք, Առաքելի ու աշուղ Հուսեյն Ջավանի համատեղ ստեղծագործական կյանքը երկար չի տեւում, ու Ատրպատականի «Ազգային իշխանության» հեռացումից հետո, Խորհրդային Միության դրածո կառավարության հետ համագործակցելու կասկածանքով հետապնդվող աշուղ Հուսեյն Ջավանը ստիպված արտագաղթում է Բաքու: Հաշվի առնելով աշուղ Հուսեյն Ջավանի հետ Առաքելի մտերմիկ հարաբերությունները, Իրանի նոր իշխանությունները ժամանակ առ ժամանակ Աշուղի հետքերը գտնելու համար այցելում էին Առաքելին, ենթադրելով, որ նա կարող է տեղյակ լինել Հուսեյնի թաքստոցից:
Հետպատերազմյան շրջանում Իրանում տիրող քաղաքական անբարենպաստ պայմաններից ելնելով՝ Առաքելն իր ընտանիքի հետ տեղափոխվում է Ղարադաղի Վողան գյուղը, որտեղ զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով ու հարսանյաց հանդեսներին դուդուկ նվագելով:
Վեց տարի Ղարադաղում բնակվելուց հետո, իր զավակների կրթությունն ապահովելու նպատակով վերադառնում է Թավրիզ, որտեղ արդեն քաղաքական շիկացած մթնոլորտը խաղաղվել էր, ու սկսում է համագործակցել քաղաքի աշուղական համայնքի ներկայացուցիչների հետ: Նա Թավրիզի սրճարաններում եւ այլուր զբաղվում է երաժշտությամբ:
Հայ երաժիշտը կատարելապես տիրապետում էր իր գովերգած նվագարանին: Այդ պատճառով էլ Թավրիզի աշուղներից շատերը աշակերտել են նրան:
Առաքելը թեեւ ազգությամբ հայ էր, բայց նրա այլադավան լինելու հանգամանքը որեւէ կերպ չէր անդրադառնում աշուղական համայնքի հետ իր բարեկամական հարաբերությունների վրա: Նա շարունակում էր կարոտով հիշել Թավրիզը լքած իր մտերիմ ընկերոջը՝ աշուղ Հույսեյն Ջավանին: Նույնիսկ այն տարիներին, երբ Առաքելը տառապում էր հիշողության կորուստով, իր զավակների անուններից բացի հաճախ մտաբերում էր նաեւ Աշուղ Հուսեյնին ու հուզվում:
Առաքելին այդպես էլ չհաջողվեց հանդիպել իր առաջին կնոջից ունեցած զավակներին: Իսկ Ստալինգրադի ռազմաճակատում զոհված որդու մասին բոթը ցնցում է զառամյալ հորը:
Թավրիզի աշուղական համայնքում արժանի տեղ զբաղեցրած հայազգի երաժիշտը 1975 թվականին Թեհրան քաղաքում կնքում է իր մահկանացուն:
Պատրաստեց ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ