ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Եթե Հայաստանի հանրապետությունը ղեկավար ունենար, Ալիևի «աչքը կմտցներ» Արցախում Մեծ Հայրենականի հայ հերոսների հուշարձանների անարգումը։
Հոկտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։ Մասնակիցների ճնշող մեծամասնությունը անդրադարձավ նաև Մեծ Հայրենականի հաղթանակի 80-ամյակի շրջանակներում իրենց ժողովուրդների դերին։
Ալիևն իր ելույթում խոսեց Սովետական Ադրբեջանի ներկայացուցիչների ու Բաքվի նավթի ներդդման մասին Մեծ Հաղթանակի կերրտման գործում։
Այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե Ժուկովն ու Ռոկոսովսկին են հաղթանակի մարշալները, այլ՝ Բաքվի նավթը։
Փաշինյանն իր ելույթում ընդհանրապես չանդրադարձավ հայ ժողովրդի ծանրակշիռ ներդրմանը Մեծ Հայրենականի հաղթանակի հասնելու մեջ։
Կար տպավորություն, որ նա որևէ կապ չունի ԽՍՀՄ ծովակալ Հովհաննես Իսակովի, ԽՍՀՄ մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Արմենակ Խանփերյանցի ու 114 ԽՍՀՄ հերոսների, ինչպես նաև Արցախի ու հարակից շրջանների 30 հայ ԽՍՀՄ հերոսների հետ։
Փաշինյանն անգամ չհիշատակեց հայոց փառապանծ Թամանյան դիվիզիայի հաղթական ուղին՝ հրամանատար Նվեր Սաֆարյան, որը Բեռլինը գրավելուց հետո ռեյխստագի պատերի մոտ պարեց հայոց հաղթական քոչարին։
Նա անգամ չխոսեց ԽՍՀՄ ղեկավարներից մեկի՝ Անաստաս Միկոյանի և նրա եղբայր՝ ՄԻԳ կործանիչի հեղինակ Արտեմ Միկոյանի ծանրակշիռ ծառայության մասին։
Նա բառ անգամ չասաց աշխարհահռչակ հայ արևելագետ, Էրմիտաժի տնօրեն, Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելու մասին, ով Նյուրնբերգի դատավարության ժամանակ ԽՍՀՄ կողմից պաշտոնական վկայի կարգավիճակ ուներ։
Եթե Մոսկվայում ՀՀ-ն ներկայացված լիներ բանիմաց ու պետականամետ ղեկավարով, ապա նա պետք է Ալիևի «աչքը մտցներ» Ադրբեջանի վայրագությունները Մեծ Հայրենականի հայ հերոսների հիշատակի նկատմամբ։
Իսկ Ադրբեջանի վանդալիզմը ֆաշիզմին հաղթած հայ հերոսների նկատմամբ ակնհայտ է։
Արցախի օկուպացիայից հետո Շուշիում ադրբեջանցիները պայթեցրին ԽՍՀՄ կրկնակի հերոս, Լենինգրադի պաշտպան Նելսոն Ստեփանյանի հուշարձանը։
Ադրբեջանցի վանդալները ոչնչացրել են մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի ու Խանփերյանցի հուշարձանները։
Նման ֆաշիստական գործելաոճ Ադրբեջանում ցուցաբերել են նաև Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ Ադրբեջանում ոչնչացվեցին Մեծ Հայրենականի փառահեղ հերոս-հայորդիների հուշարձանները։
Այս ամենի մասին Փաշինյանը լռեց…
Ինչո՞ւ…
Քանի որ նրան խորթ են թե ԽՍՀՄ հայ հերոսները, թե Բաքվի բանտում այսօր գտնվող Արցախի հերոսները»։