ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում և ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ Անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ: Որպես Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիր՝ Միացյալ Նահանգները հպարտ է, որ շարունակում է աջակցել Հայաստանին, որը դառնում է մեր ժողովրդավարական համայնքի բարգավաճ անդամ:
Աշխատելով Միացյալ Նահանգների և միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանը ստեղծել է ներառական տնտեսություն, որն ավելի ու ավելի սերտորեն կապված է աշխարհի հետ: Վերջին 10 տարում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրի ծավալը մոտ երկու անգամ աճել է: Մենք աշխատում ենք Հայաստան էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացման և նրա ժողովրդի ու տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ։
Մարդկանց միջև կապերը, որոնք մեր հարաբերությունների հիմքն են, շարունակում են աճել և ամրապնդվել Միացյալ Նահանգներում ու ամբողջ աշխարհում հայկական մեծաթիվ սփյուռքի շնորհիվ: Միասին աշխատելով՝ մենք կարող ենք ավելի մեծ բարգավաճման հասնել մեր ժողովուրդների և ընդհանրապես տարածաշրջանի համար՝ Հարավային Կովկասը դարձնելով ավելի փոխկապակցված, կայուն և անվտանգ:
Այս նշանակալի օրը Միացյալ Նահանգներն անդրդվելի է հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը սատարելու հարցում:
Մենք հարգում ենք լուրջ մարտահրավերների ժամանակ հաշվետու կառավարմանը և օրենքի գերակայությանը Հայաստանի հանձնառությունը: Մենք շարունակելու ենք պաշտպանել հարատև և արժանապատիվ խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- նշված է Բլինքենի ուղերձում: