ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, Ավստրիա, Գրաց
«Գիլիոտին» ծրագիրը, որը հայտարարվեց վերջին տարիներին, կարծես մոռացության է տրվել
Հայաստանյան իրականությունում տարօրինակությունները սպասվածից շատ են եւ շարունակում են ավելանալ: Հենց թեկուզ ռուսական գազի գնի վերանայման առումով գործընթացներն այնպիսի դրսեւորումներ են ստանում, որ նվազագույնը ցանկանում ես օգտագործել զավեշտալի հասկացությունը: Հանրային գործիչ մեկը հայտարարում է, թե գազի գինը որոշվում է Մոսկվայի Կրեմլում: Եղբայր, ձեր նշած տարածքում է գտնվում ՌԴ բարձրագույն իշխանությունը, որը եւ արտահայտում է երկրի բնակչության շահերն ու իր ընդերքի պահանջարկ վայելող ունեցածը ձեռնտու գնով վաճառում: Այլ գործընթացը հանցանշաններ է պարունակում: Այնպես որ որեւէ պատճառաբանություն պարունակող բացատրություն անհեթեթ է, քանզի մարդկությունը հիմնականում առաջնորդվում է շահի ու արդյունավետ գործելու սկզբունքով: Այստեղ անգամ հարազատությունն է երկրորդ պլան մղվում, որը մեր պարագայում փոխարինվում է ինչ-ինչ կարգավիճակի մասին հիշեցումներով:
Նվազագույնը հիմնավոր չէ մեր այն հայրենակիցների պահվածքը, որոնք, դեսպանատան առաջ հավաքվելով, պահանջում են չբարձրացնել գազի գինը: Միթե՞ նրանք իրենց ավագներից չեն լսել «բակլան իմն է, խաշած եմ ցանում» արտահայտությունը: Մեր կողմից ի՞նչ գնահատականի կարժանանան այն մոսկվացիները, որոնք ՀՀ դեսպանատնից պահանջեն իջեցնել մերոնց արտահանած կոնյակի կամ ծիրանի գինը, ինչ է թե դրանք գնելու հարցում իրենք դժվարությունների են հանդիպում:
Կամ. ինչո՞ւ են մեր աղն ու հանքային ջրերը, տեղում արտադրված անձեռոցիկն ու զուգարանի թուղթը, գարեջուրն ու հյութերը, շինարարական ցեմենտն ու ներկերը, ջերմոցներում աճեցրած լոլիկն ու վարունգը, մի խոսքովՙ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվածը ավելի թանկ գնահատվում, երբ համանման ապրանքներն այլ երկրներում ավելի մատչելի են: Հենց թեկուզ բարձր կենսամակարդակով ապրող Ավստրիայի համեմատ, ուր 1,5 լիտր հանքային ջուրը կարելի է գնել ՀՀ 120-130 դրամով, եռաշերտ որակյալ զուգարանաթուղթըՙ 100-110 դրամով, ցեմենտի 50-կիլոգրամանոց պարկըՙ 1700 դրամով, գարեջրի 0,5 լիտրըՙ 250-300 դրամով, 45 տոկոս յուղայնության պանիրըՙ 2200 դրամով, 1 կգ հացըՙ 380-400 դրամով: Այս ամենին հավելեք բանկային ցածր տոկոսադրույքները, արտոնությունների ընդարձակ համակարգը, բնապահպանական հոգածությունները եւ ՀՀ միջավայրը պարզ ու տեսանելի կդառնա:
Բարեկեցության առումով աշխարհի առաջատար երկրներից մեկը համարվող Ավստրիայի նախագահը, ըստ Գրացի առողջապահական համակարգում դիրք զբաղեցնող մեր հայրենակցուհու, իրենց հաստատություն այցելության եկել էր տրամվայով: Մայրաքաղաք Վիեննայից էլ երկրի երկրորդ քաղաք հասել էր գնացքով: Ընդմիջման ժամին մտել էր մերձակա սրճարաններից մեկը, թեթեւակի սնվել ու աննկատ հեռացել: Հայրենակցուհուս պատմածին չհավատալու որեւէ պատճառ չունեմ, քանզի այդ օրերին ՌԴ հեռուստաալիքներից մեկով հեռարձակվեց Շվեյցարիայի նախագահի հարցազրույցը, ուր երկրի թիվ 1 պաշտոնյան նշեց, որ քաղաքամերձ իր բնակավայրից աշխատատեղ հասնում է հեծանվով, մոտ 1 ժամվա ընթացքում: Լրագրողի այն հարցին, թե առջեւից ու թիկունքից անվտանգության քանի աշխատողներ են իրեն ուղեկցում այդ ընթացքում, նախագահը քմծիծաղով հավաստեց, որ նման բան հնարավոր չէ: Եվ հարցըՙ արդյո՞ք հայաստանյան որոշակի իրողությունները, ասենք, գազի գնի փոփոխությունն ու մեզ անհասանելի նախագահական նշված տարօրինակությունները որեւէ կապ ունե՞ն, հնչում է ինքնաբերաբար:
Անշուշտ ունեն: Շվեյցարիայում 1 բնակչի հաշվով բյուջեից իրականացվող տարեկան ծախսը կազմում է 27 հազար դոլար, Ավստրիայումՙ 29 հազար դոլար, ՀՀ-ումՙ հազիվ 1000 դոլար: Վերահսկիչ պալատին հատուկ բծախնդրություն չենք ցուցաբերում նշելու մեր երկրի բյուջեի ծախսային ուղղությունները, սակայն քաղաքացու իրավունքով կարող ենք պնդել, որ մեզ ղեկավարող պետական կառույցներն ու դրանցում աշխատողներն իսկապես շատ են: Առանց այն էլ բազմաթիվ նախարարություններից յուրաքանչյուրին զուգահեռ պետական կոմիտեներ, ծառայություններ, վարչություններ ու տեսչություններ են գործում, նախարարները նվազագույնը 4-5 տեղակալներ ունեն, գումարած աշխատակազմերի ղեկավարները. նույն խնդիրներն են փորձում լուծել մի քանի նախարարությունների մի քանի վարչություններ ու տեսչություններ: Այս ամենից է նաեւ, որ, ասենք, կենսաթոշակը կամ աշխատավարձը 5-10 հազար դրամով բարձրացնելը գերխնդիր է դառնում: Նկատենք, որ խոսքը եվրոպական չափանիշներով 10-20 եվրոյի մասին է, որն այստեղ միջին մասնագետը ստանում է 1 ժամվա աշխատանքի դիմաց: Այդ մարդիկ մեծ ու փոքր բնակավայրերում են, նրանց գործունեությունը ծավալվում է տասնյակ երկրներում: Հումքի ու թափոնների տեսակավորման գործարաններ կառուցող ավստրիական ընկերություններից մեկը, որտեղ աշխատում է մեր հայրենակից ճարտարագետը գյուղաքաղաք հիշեցնող բնակավայրում է: Ավելորդ չեմ համարում հիշել Շվեյցարիայի նախագահի հեռուստահարցազրույցի ժամանակ լրագրողին ուղղած այն խոսքերը, թե ձեզ աշխատավայր կամ տուն բարձրացնող գերարագ վերելակը հնարավոր է, որ մեր գյուղում գործող ընկերության տեղադրածը լինի: Այս առումով ինչքանով են արժանահավատ մեր պաշտոնյաների փոքր ու միջին գործարարությունը խթանելու վերաբերյալ հայտարարությունները, որոնք այդպես էլ իրականություն չեն դառնում: Իսկ կարծես բավական է, որ մարդ միջին չափով վարձատրվող գործ ունենա եւ նման թանկացումը նման ցավով չի ընդունի, որպիսին արձանագրվում է ՀՀ-ում, հանգեցնում երկրից արտագաղթի:
Մերօրյա Հայաստանում անշուշտ հնարավոր չէ ոչ շվեյցարական ժամացույց արտադրել եւ ոչ էլ ավստրիական ավտոբուսներում օգտագործվող «բիոէներգիա» որակվող վառելիքը ստանալ, թեեւ թե՛ մեկում, թե՛ մյուսում մեր հակյրենակիցների մասնակցությունը կա: Տարբերությունն այն է, որ մեզանում առկա է հսկայաքանակ պետական համակարգ ու ապարատ, անհարկի մամլիչ հիշեցնող մի կառույց, որն իր ծանրությամբ հարմարավետ տեղավորվել է գործարար միջավայրին անհրաժեշտ տարածքում: Ցավոք, սա չէ այն գործելաոճը, որով կարելի է դիմագրավել ժամանակի ընթացքում առաջացող խնդիրներին, որոնք մեզանում գնալով հիմնախնդիրներ են դառնում: