«Միասին» շարժումն այսօր բողոքի ակցիա իրականացրեց Կառավարության շենքի մոտ։
Շարժման մասնակիցները պահանջում էին ՀՀ կառավարությունից դիվանագիտական միջազգային օրակարգում ներառել Ադրբեջանից բռնի տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության շահերի պաշտպանության և վերադարձի հարցը։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, Ադրբեջանը գործել և գործում է միջազգային հանցագործություններ։
Նրա խոսքով՝ Թուրքիայի կողմից ստեղծված և կառավարվող պետությունը հայերի նկատմամբ ցեղասպանական ծրագիր է իրականացնում՝ նպատակ հետապնդելով Սովետական Ադրբեջանն ամբողջությամբ հայաթափելուց հետո Հարավային Կովկասից առհասարակ դուրս մղել հայերին։
«Հայատյացության ալիքն Ադրբեջանում ոչ միայն չի նվազում, այլ գնալով ավելի կոշտ և դաժան ձևեր է ստանում։ Որևէ փախստական, որևէ բռնի տեղահանված երբևիցե չի կորցնում երկու իրավունք՝ վերադարձի իրավունք, երբ ապահովվի անվտանգությունը և երկրորդ՝ սեփականության իրավունք։
Որովհետև մինչ այսօր բռնի տեղահանված հայերը չեն ստացել անգամ մեկ լումա՝ որպես սովետական Ադրբեջանում, իսկ հետո՝ անկախ Ադրբեջանում իրենց թողած սեփականության դիմաց»,- ասաց Ալավերդյանը։
Ըստ ՀՀ առաջին ՄԻՊ-ի՝ մինչև Հայաստանը չպահանջի, որ Ադրբեջանը պատժվի միջազգային իրավունքի համաձայն, մնացած բոլոր խոսքերը սպեկուլյացիա են՝ լինի դա խաղաղության մասին, կամ որ չենք կարող մեր տարածքներից պահանջել դուրս գան, դա քաղաքական անմեղսագործություն է»,-ասաց նա։
Ալավերդյանը հիշեցրեց, որ վաղը Հայաստան է ժամանելու Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ով կոչ էր արել հայերին տեր կանգնել իրենց իրավունքներին։
Վերջում Լարիսա Ալավերդյանն ընդգծեց՝ Ադրբեջանը ռազմական հանցագործություն է գործել՝ կռվելով խաղաղ բնակչության դեմ։