Բաքվում Իրանի նախկին դեսպանը, ընդգծելով «Զանգեզուրի միջանցքի» հարցում Մոսկվայի և Բաքվի դիրքորոշման հստակեցման անհրաժեշտությունը, ասել է, որ արևմտյան լրատվամիջոցներն օգտագործում են այդ հարցը Ռուսաստանի և Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները խաթարելու համար։
Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ մի քանի ուղով։
Նրա կարծիքով, Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գործողությունները կարող են լինել միջանցքի բացման ուղիներից մեկը, ինչը կհանգեցնի Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը, և այս դեպքում կխախտվեն նաև Իրանի և Հայաստանի միջազգային սահմանները։
«Եթե նման իրադարձություն տեղի ունենա, ապա արևմտյան երկրներն անպայման կօգնեն Հայաստանին, և տարածաշրջանում նոր պատերազմ կսկսվի, ուստի չեմ կարծում, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ցանկանում են, որ տարածաշրջանում նոր պատերազմ լինի, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը վերջերս ավարտեցին Ղարաբաղյան պատերազմը և խաղաղության պայմանագիր են ստորագրում, և երկու կողմերն էլ հայտարարել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ուստի «Զանգեզուրի միջանցքի» ռազմական ճանապարհով բացումը բացառվում է»,- ասել է նա։
Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նախկին դիվանագետ Մոհսեն Փաքայինն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ռուսաստանցի պաշտոնյաների վերջին հայտարարություններին։
«Պետք է հստակեցվի Ռուսաստանի դիրքորոշումը Պուտինի` Ադրբեջան այցից հետո»,- ասել է նա:
Նա հավելել է, որ այժմ կարծիք կա, որ Պուտինի մեկնաբանություններից հետո «Զանգեզուրի միջանցքը» կբացվի, և Իրանի սահմանը անմիջապես կփոխվի, և երկիրը կկանգնի Ռուսաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջացող խնդիրների առաջ։