Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Արժեքներ

Ովքե՞ր են մեր իրականության մեջ  գերագույն արժեքների մասին ուրույն տեսակետներ հայտնել:
Ազատությունը բացարձակ արժեք է համարել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Չնայած, Խրիմյան Հայրիկն էլ է Հայրենիքը դասել գերագույն արժեքների շարքին,  բայց  առավել արժեքավոր է համարել սեփական պետություն ունենալը:

Էլ ո՞վ եւ ի՞նչն է բացարձակ արժեք համարել: Նիկոլ Փաշինյանը: Նա  Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի օրը  Հայոց պետականությունն է բացարձակ արժեք համարել: Վարչապետը մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ բացարձակ արժեք է համարել նաեւ  ՀՀ ինքնիշխանությունն ու  անկախությունը: Մեկ այլ առիթով էլ նա խոսքի ազատությունն է համարել բացարձակ արժեք:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն էլ առանձնահատուկ  տեսակետ է հայտնել  ու  համոզված ասել, որ Սահմանադրությունն է բացարձակ արժեք:

Էլ ո՞վ, եթե ոչ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն է Հայոց պետականությունը բացարձակ արժեքների շարքին դասել:

Իսկ  Մարդու իրավունքների պաշտպանը բացարձակ արժեք է համարել կարծիքի ազատ արտահայտման, ինչպես նաեւ խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանի կարծիքով էլ «Խոսքի ազատությունը բարձր, բայց ոչ բացարձակ արժեք է»:

Հայտնի  է նաեւ Աշոտ Բլեյանի  տեսակետն այն մասին, որ երջանիկ երեխան է բացարձակ արժեք:

Իր ընտանիքի բարեկեցության ու բարգավաճման  հոգսերի տակ կքած Գագիկ Ծառուկյանի համար բացարձակ արժեքներ են ընտանիք, օջախ եւ եկեղեցի հասկացությունները:

Ռոբերտ Քոչարյանի համար էլ երկրի ու ժողովրդի անվտանգությունն է բացարձակ արժեք համարվում: Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն էլ, երկրորդելով Քոչարյանին, մի առիթով հայտարարել է, որ հայերիս համար հայոց բանակն է բացարձակ արժեք:

Մինչեւ արդարադատության նախարարի պաշտոնն ստանձնելը, փաստաբանների պալատի անդամ  Գրիգոր Մինասյանը ճշմարտությունն է  կոչել բացարձակ արժեք:

Լեզվաբան Յուրի Ավետիսյանն էլ, իր մասնագիտությանից ելնելով, լեզուն է բացարձակ արժեք համարել:   

Վերջապես,  Հայրենիքը, ինքնիշխանությունը, պետականությունը, երեխայի երջանիկ ապագան, ազատությունը,  հայոց լեզուն, հայկական բանակն ու անվտանգությունն  ի՞նչ արժեք ունեն մեզ համար:

Դուք շատ ճիշտ նկատեցիք. դրանք ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ արժեքներ են:

Իսկ ԲԱՑԱՐՁԱԿ արժեքը (ռուս.՝ абсолютная величина, անգլ.՝ absolute value) մաթեմատիկական կատեգորիա  է, համաձայն որի, իրական թիվը կոորդինատային ուղիղ գծի վրա այդ թվին համապատասխանող կետի հեռավորությունն է կոորդինատների ԶՐՈ սկզբնակետից:

Մեր բարձրագույն արժեքները «զրոյական» չեն կարող լինել:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ