Amnesty International-ը կոչ է անում կանխել լրագրող Աֆղան Սադիգովի արտահանձնումը Վրաստանից Ադրբեջան։
Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի իրավապաշտպան կազմակերպության փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևն ասել է, որ վրացական իշխանությունները պետք է «անհապաղ դադարեցնեն Աֆգան Սադիգովին արտահանձնելու փորձերը» և պաշտպանություն տրամադրեն նրան և նրա ընտանիքին։
«Վրացական իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն Աֆղան Սադիգովին արտահանձնելու փորձերը՝ ելնելով միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններից և չվերադարձման սկզբունքի պահանջներին համապատասխան, և նրան և նրա կնոջը միջազգային պաշտպանություն տրամադրեն, եթե նրանք դա են խնդրել:
Կասկած չկա, որ նրա արտահանձնումն Ադրբեջան կկանգնեցնի նրան մարդու իրավունքների լուրջ խախտումների, ներառյալ խոշտանգումների, կամայական ազատազրկման և անարդար դատավարության զգալի ռիսկի առջև: Սադիգովի գործը շարունակում է Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների վերացման միտումը, որն այժմ ակտիվացել է COP 29-ին ընդառաջ», – ասաց նա:
Amnesty International-ը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել «լրագրողների և կառավարության այլ քննադատների քաղաքական դրդապատճառներով մեղադրանքները և անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր բանտարկվել են բացառապես իրենց խոսքի ազատության իրավունքից օգտվելու համար»:
Հիշեցնենք, որ Աֆղան Սադիգովը Վրաստանում է ապրում 2023 թվականի դեկտեմբերից։ 2020 թվականի մայիսին Սադիգովը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման՝ քաղաքական դրդապատճառներով «շորթման» մեղադրանքով դատավարությունից հետո, որը խախտել է արդար դատաքննության իրավունքը։
Լրագրողը ներում է ստացել 2023 թվականի մայիսին, սակայն, շարունակելով բախվել իշխանությունների սպառնալիքներին ու հետապնդումներին, նա լքել է հայրենիքը։ Այս տարվա հուլիսին վրացական իշխանություններն արգելեցին նրան մեկնել Թուրքիա և տեղեկացրին, որ նա կարող է մեկնել միայն Ադրբեջան, որտեղ նրա դեմ նոր քրեական գործ է հարուցվել՝ սպառնալիքների և շորթման մեղադրանքով։ Նրա ընտանիքը պնդում է, որ իր դեմ մեղադրանքները հորինվել են Ադրբեջանի կառավարության կողմից՝ ի պատասխան նրա քննադատական լրագրության: