Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը Ռուսաստանի Դաշնության որպես ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է համարել։
Ըստ իրանական Mehr գործակալության՝ Իրանի նախագահն ընդգծել է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արագացման անհրաժեշտությունը։ Պեզեշքիանն անդրադարձել է Իրանի և Ռուսաստանի միջև տարածաշրջանային և միջազգային համագործակցության կարևորության թեմային։
«Կարծում ենք՝ աշխարհում որոշ տերությունների, դրանց թվում՝ ԱՄՆ-ի գերազանցության դարաշրջանն ավարտվել է։ Իրանի և Ռուսաստանի միջև բազմաբևեռ աշխարհը խթանելու նպատակով համագործակցությունը, անշուշտ, կհանգեցնի աշխարհում անվտանգության և խաղաղության հետագա խթանմանը»:
Շոյգուն, իր հերթին, հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանում Ռուսաստանի առանցքային և ռազմավարական դաշնակիցներից մեկն է։ Երկու երկրները փորձում են ստեղծել բազմաբևեռ աշխարհ և ապահովել տարածաշրջանի անվտանգությունը։ «Երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգանում են և լավ հեռանկարներ ունեն»,-շեշտել է ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: