Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երեկ՝ հուլիսի 26-ին, Լոռու մարզում ողբերգական ավտովթարի մասնակից «BMW X3» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը, երբ «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխվելիս է եղել, դիմել է փախուստի և լքել է ՀՀ պետական սահմանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են և նա կարճ ժամանակում է հասցրել լքել ՀՀ սահմանը, իսկ նրա կողմից վարած ավտոմեքենայում՝ առջևի նստատեղի աջ կողային հատվածում, հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված:
Նրա հետ վթարի պահին եղել է Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Անդրանիկ Ավագյանը, ում ոստիկանները տեղափոխել էին ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղ էլ նա հայտնել է, որ մեքենայի սրահում գտնվող թմրանյութի նմանվող զանգվածը պատկանում է իրեն և պահել է իր մոտ՝ հետագայում օգտագործելու նպատակով:
Թմրանյութի հայտնաբերման փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք Ա. Ավագյանի հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «BMW X3»-ի վարորդը վարսավիր է:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզում՝ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Ջաջուռի ոլորաններում, բախվել էին Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները։