Մեծ Բրիտանիան դարձել է եվրոպական առաջին պետությունը, որը հավանություն է տվել ընտանի կենդանիներին կերակրելու համար նախատեսված արհեստական մսի կոմերցիոն արտադրությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times (FT) պարբերականը։
Հրապարակման համաձայն՝ Meatly ստարտափը համապատասխան թույլտվություններ է ստացել Մեծ Բրիտանիայի Կենդանիների և բույսերի առողջության գործակալությունից, որը վերահսկում է կենդանիների կերերը, ինչպես նաև Շրջակա միջավայրի, սննդի և գյուղական գործերի նախարարությունից։
Ընկերությունն այս տարի կսկսի լաբորատոր պայմաններում աճեցված հավի միս վաճառել անասնակեր արտադրողներին: Ի տարբերություն բուսական ծագման մսամթերքի, որոնք պատրաստվում են սոյայի կամ սիսեռի սպիտակուցից, լաբորատորիայում աճեցված միսը պատրաստվում է կենդանական բջիջներից, որոնք աճեցված են անոթներում: FT-ն նշում է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները դեռևս չեն հաստատել մարդկանց սպառման համար նման մսի վաճառքը՝ ի տարբերություն Իսրայելի, Սինգապուրի և ԱՄՆ-ի։
Ընկերության գործադիր տնօրեն Օուեն Էնսորի խոսքով՝ որպես կենդանիների կեր արհեստական մսի արտադրության թույլտվություն ստանալը այս տեսակի արտադրանքի շուկայի զարգացման մեկնարկային կետն է։ Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիայում լաբորատոր պայմաններում աճեցված մսի վաճառքի հաստատումը հնարավոր է դարձել Բրեքսիթի՝ Եվրամիությունից երկրի դուրս գալու, ինչպես նաև բիոտեխնոլոգիաների և նորարարությունների վրա կառավարության ուշադրության շնորհիվ։
Համաձայն Վինչեստերի համալսարանի անցկացրած հարցման՝ հարցվածների 50 %-ը պատրաստ են կերակրել իրենց ընտանի կենդանիներին լաբորատորիայում աճեցված մսով, իսկ 32 %-ը դեմ չեն հենց իրենք ուտել նման արտադրանք։