ՔՆԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու, սփյուռքագետ
Մեծ Բրիտանիայի ոչ այնքան ստվար եւ արագ ձուլման ենթակա հայ համայնքի կյանքում հայալեզու մամուլը (մինչեւ օրս հրատարակվել է շուրջ երկու տասնյակ անուն) բացառիկ կենսական դեր ու նշանակություն ունեցող գործոն է եղել պատմական տարբեր շրջափուլերում:
Այդտեղ լույս տեսած հայերեն առաջինՙ «Երկրագունդ» (1863-1864 թթ., Մանչեսթր) պարբերականից հետո սփյուռքահայ մամուլի պատմության մեջ իր երկարամյա հայապահպան գործունեությամբ մնայուն տեղ է զբաղեցնում «Էրեբունի» ազգային, հասարակական, մշակութային ամսաթերթը (1980-1996 թթ., Լոնդոն, 1988 թ.-իցՙ երկշաբաթաթերթ): Թեքեյան մշակութային միության խնամակալ մարմնի (Tekeyan Trust) պաշտոնաթերթ հանդիսացող «Էրեբունին» հիմնադրվել է ազգայիններ Անդրեաս Ծուլիկյանի, Վարդան Ուզունյանի եւ Նորայր Խրլոպյանի կողմից:
Երկլեզվյաՙ հիմնականում հայերեն եւ 4 էջ անգլերեն թերթի խմբագիրն էր Անդրեաս Ծուլիկյանը, որը հաճախ «Հայկ Արմեն» (Հ. Ա.) գրչանունով շուրջ երկու տասնամյակ իր առաջնորդող խմբագրականներով եւ հոդվածներով, ինչպես նաեւՙ մշտապես պահպանելով թերթի հետաքրքրական ազգային-մշակութային-գաղափարախոսական բովանդակությունը, կարեւոր ներդրում է ունեցել համայնքի հայեցի նկարագրի պահպանման գործում: Հեշտ չի եղել մասնագիտությամբ ոսկրաբան-վիրաբույժ Ա. Ծուլիկյանի համար ծանրաբեռնված ու դժվարին աշխատանքին զուգահեռ նվիրվել նաեւ ծավալուն թերթի հրատարակման աշխատանքներին, մանավանդ եթե հաշվի առնենք, որ սկզբնապես տպարանի բացակայության պայմաններում ամսաթերթը հրատարակվել է Կանադայի Մոնրեալ քաղաքումՙ «Ապագայ» շաբաթաթերթի տպարանում, եւ բազմաթիվ դժվարություններ հաղթահարելուց հետո միայն խմբագրին հաջողվել է թերթի տպագրությունը փոխադրել Լոնդոն: Երկար տարիներ անմնացորդ նվիրվելով հայաստանյան, ներհամայնքային եւ համահայկական հրատապ եւ թարմ տեղեկատվություն ու ազգային գաղափարներ տարածելու կարեւորագույն գործինՙ ի վերջո ֆինանսական պատճառներով թերթի ծավալը փոքրացել եւ, համայնքի պահանջներից ելնելով, առավելապես անգլիալեզու եւ նվազ հայալեզու է դարձել:
Անդրեաս Ծուլիկյանը (1934, Կահիրե – 2012, Լոնդոն) կեսարացիների տոհմից էր, որոնք ճաշակել էին հայ ժողովրդին բաժին ընկած տեղահանությունը, ջարդը, տարագրությունն ու օտարության մեջ վերապրումը: Համիդյան կոտորածների ընթացքում հայրական կողմից մեծ հայրըՙ Տիգրան Ծուլիկյանը, զոհվել, իսկ մեծ մայրըՙ Գյուլինյա Փալամուտյան-Ծուլիկյանը, կացնահար, հրաշքով փրկվել էրՙ ծնունդ տալով Հարությունին: Թեքեյան գերդաստանից սերված մայրըՙ Անժելը, Հայոց ցեսասպանության տարիներին, տեղահանվելով Կեսարիայից եւ արաբական անապատներում ամիսներ շարունակ դեգերելուց հետո, հասել էր սիրիական Համա քաղաք: Հետագայում Կահիրեում Հարությունն ու Անժելը ընտանիք են կազմել եւ բախտավորվել երեք զավակներովՙ Տիգրան, Անդրեաս եւ Հակոբ:
Անդրեասը նախնական եւ միջնակարգ կրթությունը ստացել է Կահիրեի Մանիսալյան, ապաՙ Մխիթարյան վարժարաններում եւ Արարատյան քոլեջում: Հետագայում հաճախել է տեղի անգլիական դպրոց եւ անգլիական միսիոներական կոլեջ: 1961 թ. ավարտել է Կասր-էլ Աինիի եգիպտական Բժշկական պետական համալսարանըՙ ստանալով բժիշկ-վիրաբույժի վկայական:
1960-ական թվականներինՙ Գամալ Աբդել Նասերի օրոք, որպես վիրաբույժի օգնական պետական պարտադիր ծառայության է անցել պատերազմի մեջ գտնվող Եգիպտոսի համալսարանական հիվանդանոցում: 1967 թ. մասնագիտական կրթությունը կատարելագործելու նպատակով մեկնել է Մեծ Բրիտանիա, որտեղ եւ որպես վիրաբույժ աշխատանքի է լծվել Մանչեսթրի մոտ գտնվող Բարի քաղաքի հիվանդանոցի ոսկրաբանության բաժնում: 1977 թ. ստացել է վկայական եւ դարձել Արքայական վիրաբուժական կոլեջի անդամ:
Դեռեւս երիտասարդ տարիքից Անդրեաս Ծուլիկյանը համայնքային, ազգային եւ կուսակցական եռանդուն գործունեություն է ծավալել սկզբումՙ Եգիպտոսում, ապաՙ Անգլիայում: 1952-1954 թթ. որպես թարգմանիչ եւ խմբագրի օգնական աշխատել է Կահիրեի «Արեւ» օրաթերթում, 1956 թ.-ից անդամակցել Ռամկավար ազատական կուսակցության Կահիրեի մասնաճյուղինՙ որոշ ժամանակ հանդիսանալով նաեւ ատենապետ: Եղել է Գալուստյան ազգային վարժարանի հոգաբարձության անդամ, ինչպես նաեւՙ բժշկական եւ առողջապահական հարցերի պատասխանատու: Մեծ Բրիտանիայում հաստատվելուն պես նա կրկին ներգրավվել է ներհամայնքային կյանքումՙ կարճ ժամանակ անց ընտրվելով Լոնդոնի Թեքեյան մշակութային միության վարչության անդամ եւ փոխ-ատենապետ, եղել է Անգլիայի ՌԱԿ մասնաճյուղի վարչության ատենադպիր, իսկ 1998 թ.-իցՙ վարչության ատենապետ, 1980-1997 թթ. ընտրվել է Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի անդամ, ինչպես նաեւՙ նույն խորհրդի գործադիր վարչական ժողովի անդամ, փոխատենապետ, ապաՙ ատենապետ: Մինչեւ 1991-1998 թթ. եղել է Լոնդոնի ՀԲԸՄ Գործադիր վարչության ատենապետ եւ, վերակազմակերպելով միության կառույցները, ստանձնել է նաեւ ՀԲԸՄ խնամակալության ատենադպրությունը: Իր գործուն մասնակցությունն է բերել Լոնդոնի Գեւորգ Թահթայան կիրակնօրյա վարժարանի հոգաբարձության կազմում, նաեւ որպես խորհրդի մշակութային մարմնի անդամ: Ավելի վաղՙ 1988 թ., լոնդոնաբնակ մի խումբ հայ բժիշկներով հիմնել է Անգլիահայ բժշկական միությունը:
Որպես գաղափարապաշտ ու սկզբունքային ազգային գործիչ եւ արժանավոր հայ Անդրեաս Ծուլիկյանն իր ողջ գիտակցական կյանքի ընթացքում անմնացորդ նվիրվել էՙ ծառայելով Ռամկավար ազատական կուսակցության, Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Թեքեյան մշակութային միության ազգակենտրոն եւ հայաստանակենտրոն գործունեությանըՙ ի նպաստ օտարության մեջ հայ նկարագրի պահպանման, ի շահ Մայր Հայաստանի եւ ի բարօրություն Մայր աթոռ Սբ Էջմիածնի:
Ա. Ծուլիկյանի վաստակը գնահատվել է ազգային կառույցների կողմից. նա արժանացել է ՌԱԿ վետերանության պատվոգրի, ինչպես նաեւՙ ՀԲԸՄ կենտրոնական վարչության վետերանության կրկնակի վկայականիՙ նախագահներ Լուիզ Մանուկյան-Սիմոնի եւ Պերճ Սեդրակյանի ձեռամբ:
Օրերս Երեւանի «Փրինթինֆո» տպարանը պատշաճ հրատարակությամբ լույս է ընծայել դոկտոր Անդրեաս Ծուլիկյանի «Ծաղկաքաղ մը «Էրեբունի»-էն. Selected Articles from ՛՛Erebouni՛՛» (Երեւան, 2013, 352 էջ) գողտրիկ հատորը, որտեղ ընդգրկված են իրՙ թերթի հիմնադիր-խմբագրի, հայերեն, նաեւ անգլերեն փաստալից խմբագրական հոդվածները, տարբեր առիթներով նրա ելույթները, Հայաստանի եւ սփյուռքի ազգային ու հոգեւոր գործիչների հետ բացառիկ հարցազրույցները եւ այլն: Նա մշտապես առանց հապաղելու եւ ճիշտ ժամանակին անդրադարձել է թե՛ համայնքի ներսում եւ թե՛ համայնքից դուրս հայության կյանքում ծավալվող իրադարձություններին, դրանք ենՙ լոնդոնահայ համայնքային եկեղեցական խորհրդի գործունեություն, ինքնակազմակերպման, միացյալ աշխատանքի եւ հայկական ամենօրյա դպրոցի ստեղծման կարեւորություն, հայրենիք-սփյուռք կապեր, Հայաստանի անկախություն, Արցախյան շարժում, ինչպես նաեւՙ հայերի դրությունը Թուրքիայում, ապրիլ-24-յան խոհեր, Հայաստանի հիշարժան տարելիցներ, ազգային հերոսների եւ անվանի գործիչների պատգամներ եւ այլն:
Հատորն ունի նաեւ անգլերեն բաժին, որտեղ ամփոփված են Ա. Ծուլիկյանի եւ համայնքի գործիչների համատեղ ներկայացրած հուշագիրը Հայոց ցեղասպանության 70-ամյա տարելիցի առիթովՙ ուղղված Մեծ Բրիտանիայի ժամանակի վարչապետ Մարգարետ Թետչերինՙ ակնկալելով դատապարտում եւ աջակցություն հայության արդար իրավունքներին, հասարակական-քաղաքական բնույթի նամակներ, ելույթներ, հոդվածներ:
Գրքում տեղ են գտել նաեւ բազմաթիվ հիշարժան լուսանկարներ, ինչպես նաեւ Ծուլիկյան գերդաստանի մասին տարբեր հեղինակների (Արշակ Ալպոյաճյան, Վերժինե Սվազլյան) հատորներում տպագրված փաստալից տվյալներ: Ա. Ծուլիկյանը ճշմարիտ մտավորականի հեռատեսությամբ դասդասել եւ պատմության դատին է հանձնել իր ազգային-համայնքային գործունեության արխիվը, որն առանձինՙ վերոհիշյալ հատորով կազմել, հրատարակության պատրաստել եւ Անդրեասի ծննդյան 79-ամյակի (21 մայիսի) առիթով տպագրել են հայաստանաբնակ նրա երկու եղբայրներըՙ Տիգրան եւ Հակոբ Ծուլիկյանները: Վերջինս, որպես «Ազգ» օրաթերթի բազմամյա վաստակ ունեցող լրագրող-թարգմանիչ, եղբոր խնդրանքով ստանձնել է նաեւ «Էրեբունի» պարբերականի ողջ հավաքածուն 5 ստվարածավալ հատորների վերածելու եւ դրանք Հայաստանի ազգային գրադարանին նվիրաբերելու գործըՙ որպես պատմական արժեք ներկայացնող հարուստ նյութ հետազոտողների համար:
Ահա թե ինչ ենք կարդում «Էրեբունի» պարբերականի հրատարակման նպատակների մասին 1980 թ. հոկտեմբերին Ա. Ծուլիկյանի գրած խմբագրականում. «…Անգլիահայոց թիւի զգալի աճումին հետեւանքով այլեւս անհրաժեշտ եւ կենսական դարձած էր գաղութս կազմող տարբեր երկինքներու տակ ծնած եւ տարբեր ազդեցութեանց ենթակայ ազգայիններու միջեւ ստեղծել միտքերու հաղորդականութիւն մը եւ ներդաշնակել անոնց ազգային ապրումներն ու մտածումները, ի վերջոյ յանգելու համար ընդհանուր յայտարարինՙ հայ ժողովուրդի գերագոյն շահերու հասկացողութեան, գիտակցութեան եւ հետապնդման» (էջ 12):
Երեկ, այսօր եւ միշտ առավել քան ուղենշային եւ արդիական են հեռատես ազգային-համայնքային գործիչ Ա. Ծուլիկյանի հաջորդող մտքերը նույնպես. «…Մենք կը հաւատանք նաեւ, որ Սփիւռքի մէջ հայութիւնը կրնայ գոյատեւել միայն եթէ ան հաստատ մնայ իր հաւատքին մէջ հանդէպ Սրբութիւն Սրբոց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ նաեւ տեսնէ Մայր Հայրենիքի ներկայ իրականութիւնը իբր գրաւականը եւ կռուանը ապագայի մեր բոլոր երազներուն եւ իրագործումներուն» (էջ 13): Եվ կամՙ Ապրիլի 24-ի եւ Խորհրդային Հայաստանի 60-ամյակի առիթով 1980-1981 թթ. նրա գրվածքները. «…Այնքան ահռելի էր գործուած ոճիրը իր բարբարոսութեամբ եւ վայրագութեամբ, իր տարողութեամբ եւ նպատակով, եւ այնքա՛ն ցնցիչ էր հայ ժողովուրդին տրուած մտային եւ ֆիզիքական հարուածը, որ հայ ժողովուրդի վերապրումը այսօր կարելի է նկատել հրաշքի պէս բան մը: …Թէեւ այսօրուան Հայաստանը Հայ ժողովուրդի երազներու լիակատար իրականացումը չէ, սակայն կայ իրականութիւն մը, որ կարելի չէ ժխտել երբեք, այդ ալ այն է, որ հոն մեր պապերու հողերուն մէկ մասին վրայ կայ հայրենիք մը, ուր կ՚ապրի Հայ ժողովուրդը, կայ հայկական պետութիւն մը, արդի պետութիւն մը բոլոր յատկանիշներով, եւ ան ոչ միայն կը հսկէ հայրենի ժողովուրդի իրաւունքներուն, կը հոգայ անոր կարիքները ու կը պահպանէ մեր դարաւոր գանձերը, այլ նաեւ իր օգնութեան ձեռքը կ՚երկարէ սփիւռքահայ իր հարազատներուն, ոչ միայն մշակութային գետնի վրայ օգնելու մեր ազգապահպանման ճիգերուն, այլ նաեւ նիւթական դրական օգնութեամբ… …այսպիսով վերացնելով ատեն մը հրապարակ նետուած այն վարկածը, թէ սփիւռքահայութիւնը անհայրենիք եւ անպաշտպան զանգուած մըն է» (էջ 16, 21, 23):
Ժամանակաշրջանի բրիտանահայ համայնքային, ինչպես նաեւՙ համահամայնքային, ազգային ու հայաստանյան իրադարձությունների, խնդիրների, տագնապների մասին գաղափար տվող Անդրեաս Ծուլիկյանի գրվածքներից յուրաքանչյուրում հայրենակիցներին ուղղված ուսանելի եւ բոլոր ժամանակների համար արդիական պատգամը մեկն էՙ ամեն գնով գուրգուրել, աջակցել եւ աչքի լույսի պես պահել հայության միակ ապավեն մայր հայրենիքը, Հայ առաքելական եկեղեցին, լծվել սփյուռքի ազգապահպան ջանքերինՙ վերջնական նպատակ ունենալով Հայ դատի արդարացի լուծումը: