Վ. Պ.
ԵԽԽՎ երեկվա նստաշրջանում, որպես Նախարարների կոմիտեի նախագահություն ստանձնած երկրի արտգործնախարար, Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, որոնք «Ազգը» արդեն իսկ մանրամասն նշել է:
19 հերթագրված հարցերի զգալի մասն ընդհանրական էր, վերաբերում էր Եվրոպայի խորհրդի ընդհանուր դիրքորոշումներին: Կանխատեսելի մոտեցմամբ, ադրբեջանական ու թուրքական պատվիրակությունը հնարավոր առավելագույն պասիվությամբ էր ներգրավվել հարցերի ներկայացմանը` մեկական ներկայացուցչով սահմանափակվելով ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի պարագայում: Հարցեր տվեցին մի քանի ֆրանսիացի, իսպանացի, բուլղար, լիտվացի պատգամավորներ:
Այնքան հեշտ չէ նշել իրական պատճառները, թե ինչու էին մեր հարեւաններն այդքան պասիվ, սակայն ակնհայտորեն առնվազն երեք լեզուներով` ֆրանսերեն, անգլերեն եւ ռուսերեն հարցերին նույն լեզուներով պատասխան տվող Նալբանդյանի պարագայում ուղղակի դեմարշը ճիշտ ու տեղին բացատրություն չի լինի: Ինչեւէ, հետաքրքրական զուգադիպությամբ` Հայաստանից միայն մեկն էր իր հարցերը ներկայացրել` Լեւոն Զուրաբյանը մարտյան իրադարձությունների, «չազատականացված հեռուստատեսության», այլ հարցերով, որոնց Նալբանդյանը պատասխանեց` բավարարվելով հիշեցնել, որ մարտի 1-ի գործով քննությունը դեռ շարունակվում է:
Էդվարդ Նալբանդյանը, ի շարս այլ հարցերի, նշեց, որ Վիլնյուսի Արեւելյան գործընկերության գագաթաժողովին դեռ ժամանակ շատ կա, ու Հայաստանի ներկայացուցչի հարցը կորոշվի մինչ այդ:
Թուրք պատգամավոր Բուրհան Կայաթուրքի հարցին, թե ինչու ժամանակին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց հայի եւ ադրբեջանցու «միասին ապրելու անհնարինության» մասին, Նալբանդյանը միայն հակադարձեց, որ երբ հարեւան երկրի առաջնորդը խոսում է «ողջ հայության թշնամի» լինելու մասին, ինչ հակազդեցություն կարող է լինել:
Նույն` ղարաբաղյան համատեքստում հարցերից մեկին ի պատասխան Նալբանդյանը տեղեկացրեց, որ հունիսի 26-ին հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք արդեն իսկ հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին:
Հայ-թուրքական հարթակում Նալբանդյանը ներկայացրեց, որ գնդակը, ինչպես գիտենք, Թուրքիայի դաշտում է, որը չի հետեւում դիվանագիտության կանոններին, քանի որ հետ կանգնեց արդեն իսկ ստորագրած արձանագրություններից` չվավերացնելով ու չիրականացնելով դրանք: