Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Մոսկվան հանդես է եկել Երևանին ու Բաքվին հաշտեցնելու պատրաստակամությամբ

Մոսկվան հաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի հաշտեցմանը. ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Ինչպես նշել է փոխնախարարը, ռուսական կողմը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի է ունեցել մայիսի 10-11-ը Ղազախստանում՝ խաղաղության պայմանագրի մշակման նպատակով։

«Դա կողմերին հնարավորություն տվեց առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ճանապարհով։ Եվս մեկ կարևոր քայլ է արվել այս ուղղությամբ։ Մոսկվան արդեն երկու անգամ ընդունել է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների փուլերը՝ 2023 թվականի մայիսին և հուլիսին։ Մենք պատրաստ ենք շարունակել լիարժեք աջակցություն ցուցաբերել երկու  ժողովուրդների հաշտեցմանը, նպաստել փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու համար»,- ընդգծել է Գալուզինը։