Մոսկվայում անցկացվեց Armenian Business Forum 2024-ը
Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցավ Armenian Business Forum 2024-ը, որի աշխատանքներին ներկա էր նաեւ ՌԴ-ում «Ազգ»ի հատուկ թղթակիցը:
Համաժողովը դարձավ Ռուսաստանի եւ Հայաստանի ձեռներեցների երկկողմ գործընկերության եւ ռազմավարական փոխգործակցության ամրապնդման հիմնական բիզնես հարթակը:
Միջոցառումը կազմակերպվել էր «Հայ գործարարների ասոցիացիայի» կողմից՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:
Այս տարի ֆորումը համախմբել էր շուրջ 400 մասնակիցների Հայաստանից եւ Ռուսաստանից, ինչպես խոշոր բիզնեսի ներկայացուցիչների, այնպես էլ սկսնակ ձեռներեցների: Ծրագրի շրջանակում անցկացվեցին պանելային քննարկումներ, հանդիպումներ ուսանողների հետ, շնորհանդեսներ եւ նախագծերի քննարկումներ:
Բացելով ֆորումը՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանն ընդգծեց Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ գործընկերության ամրապնդման կարեւորությունը. «Ռուսաստանը պատմականորեն Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է: Մեր՝ որպես հայաստանյան գործարար համայնքի, խնդիրն այդ հարաբերությունների պահպանումն ու ընդլայնումն է: Համախմբվենք եւ «կամուրջ» դառնանք մեր երկրների միջեւ հարաբերությունների արդյունավետ զարգացման համար: Այսօր, առավել քան երբեւէ, կարեւոր է պահպանել քաղաքական, գործարար եւ մշակութային հանրության բոլոր մակարդակներում այն սերտ երկխոսությունը, որը ձեւավորվել է մեր երկու երկրների միջեւ երկար տարիների հարաբերությունների ընթացքում: Ոչ մի արտաքին հանգամանք չի կարող եւ չպետք է խոչընդոտի ռուս-հայկական համագործակցության մասնակիցների համակարգված աշխատանքին, գործընկերության զարգացմանը եւ համագործակցությանը: Եվ, իմ կարծիքով, այստեղ կարեւոր է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը»:
Բացի այդ, «Հայ գործարարների ասոցիացիայի» նախագահ Սամվել Կարապետյանն ընդգծեց սփյուռքի կարեւոր դերը՝ որպես երկկողմ համագործակցության հիմք. «Հայաստանի ներկայիս քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել սփյուռքի շահերը, որն աշխատում է ոչ միայն ի շահ Ռուսաստանի, այլ նաեւ Հայաստանի: Ուժեղ սփյուռքն ամուր հենարան է Հայաստանի համար: Ուզում եմ նաեւ բոլորի ուշադրությունը հրավիրել սփյուռքի առաջ կանգնած պատասխանատվության աստիճանի վրա՝ դա վստահելի գործընկերներ լինելու սփյուռքի պարտավորությունն է»:
Սամվել Կարապետյանը նաեւ իր աջակցությունը հայտնեց հայրենակիցներին, որոնք անարդարացիորեն կալանավորված են եւ գտնվում են Բաքվի բանտում, եւ հիշեցրեց, որ այդ օրը՝ մայիսի 25-ը, Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է:
Ս. Կարապետյանը շնորհավորեց Վարդանյանին՝ ծննդյան օրվա առթիվ եւ մաղթեց նրան ու մյուս բոլոր գերիներին ուժ եւ արիություն՝ իրենց բաժին հասած փորձություններն արժանապատվորեն հաղթահարելու համար:
Բիզնես միջոցառման մասնակիցները «Հայ-ռուսական ինտեգրում՝ նոր հնարավորություններ» պանելային քննարկման ժամանակ մասնակիցները քննարկեցին տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության արդի հեռանկարները, ինչպես նաեւ ամփոփեցին Հայ գործարարների ասոցիացիայի անցած տարվա գործունեությունը:
Քննարկմանը մասնակցում էին Ասոցիացիայի նախագահ եւ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ՝ Սամվել Կարապետյանը, «Ավիլոն» ընկերությունների խմբի համասեփականատեր եւ տնօրենների խորհրդի նախագահ՝ Կամո Ավագումյանը, Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ երկու երկրների գործարար աշխարհի այլ ներկայացուցիչներ:
Սամվել Կարապետյանը կոչ արեց հատուկ ուշադրություն դարձնել տնտեսական օրակարգի արդի եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին, ամրապնդել փոխվստահությունը, ձգտել խորացնել տարբեր ոլորտներում գործարար կապերն ու երկխոսությունը: «Փոխշահավետ պայմաններով միմյանց լսելը, հարգելը եւ փոխըմբռնումը՝ ահա սրանք պետք է դրվեն մեր հարաբերությունների հիմքում»,- նշեց Կարապետյանը:
Առաջին բիզնես ֆորումն անցկացվել էր 2021 թվականին՝ Երեւանում, որտեղ Սամվել Կարապետյանը հայտարարել էր Հայաստանում ներդրումային ծրագրի իրականացման մասին:
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանն իր խոսքում հայտնեց, որ ծրագրի բոլոր նախանշված կետերն ավարտված են, ինչպես նաեւ զեկուցեց ընկերությունների խմբի կողմից այս ընթացքում մեկնարկած նոր ծրագրերի մասին:
Դրանցից հիմնականը Հայաստանի Հրազդան քաղաքում նոր ՋԷԿ-ի կառուցումն էր եւ Հայաստանի էներգետիկ անվտանգության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտի՝ Սեւան -Հրազդան կասկադի արդիականացումը:
2022 թ.-ին բացվեց Հայաստանի ծանր արդյունաբերության ոլորտում վերջին տասնամյակի ամենախոշոր նախագծերից մեկը՝ T-METAL ապրանքանիշի ներքո մետաղագործական նոր գործարանը: Ձեռնարկությունը կկարողանա լուծել ոչ միայն երկրում պողպատի սակավության խնդիրը, այլեւ թույլ կտա արտահանել այն: Այդ գործարանը գրեթե 200000 քառ. մ արտադրական եւ պահեստային տարածք է զբաղեցնում դեպի հայկական երկաթուղի մուտքով, որն իր հերթին միանում է Վրաստանի Փոթիի գլխավոր ծովային նավահանգստին: Սա Հայաստանի տնտեսության համար կարեւոր եւ որակական թռիչք է, որը պետք է խթանի երկրի ողջ արդյունաբերության զարգացումը:
Անցյալ տարի բացված մեկ այլ համակարգ ձեւավորող ձեռնարկություններից է AMPER ուժային տրանսֆորմատորների գործարանը: Բացի այդ, Ն. Կարապետյանը խոսեց տարածաշրջանում պղնձի էլեկտրոլիտային զտման եղանակով առաջին ձեռնարկության ստեղծման մասին:
Նարեկ Կարապետյանը խոսեց նաեւ թեթեւ արդյունաբերության ոլորտում իրականացվող նախագծերի մասին. այս ընթացքում ընդլայնվել են Լոռու մարզի TASHIR KAR տեքստիլ կոմբինատի արտադրական հզորությունները: Այս նախագիծը մի կարեւոր սոցիալական գործառույթ է իրականացնում՝ ապահովում է մարզի բնակչության զբաղվածությունը. վերջին երկու տարիների ընթացքում, աշխատողների թիվն ավելացել է 2,5 անգամ եւ կազմել 300 մարդ:
Ծրագրեր են իրականացվել նաեւ զբոսաշրջության ոլորտում. 2024 թվականին Իջեւան քաղաքում բացվել է հյուրանոց, իսկ Տաշիր քաղաքում եւս մեկը գտնվում է ավարտական փուլում: Մշակույթի ոլորտում ամենասպասված նախագիծը Երեւանի կրկեսն է, որի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է:
Բացի Հայաստանի առեւտրային հատվածում ներդրումներ կատարելուց, տարիների ընթացքում ընկերությունն առաջնահերթություն է տվել կորպորատիվ պատասխանատվությանը եւ աջակցում է երկրում տարբեր բարեգործական ծրագրերի, որտեղ միայն վերջին մեկ տարում Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում վերակառուցվել է 146 վնասված եւ ավերված տուն: Բացի այդ, «Տաշիրը» լիովին իր խնամքի տակ է առել Արցախից բռնի տեղահանված մի քանի հազար բնակիչների: Այդ աջակցությունը շարունակվում է մինչ օրս:
Սամվել Կարապետյանը նշեց, որ արցախցիներին օգնելը շարունակելու է մնալ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի առաջնահերթությունը, եւ կոչ արեց հայրենակիցներին եւս առավելագույն բոլոր հնարավոր մասնակցություն եւ աջակցություն ցուցաբերել:
Հարկ եմ համարում հիշեցնել, որ Հայ գործարարների ասոցիացիան հիմնադրվել է 2019 թվականին՝ աշխարհի հայ գործարարների միջեւ արդյունավետ աշխատանքային միջավայր ստեղծելու նպատակով:
Կարճ ժամանակում Ասոցիացիան արդեն իսկ հասցրել է ընդհանուր նպատակների շուրջ հավաքել հայազգի բազմաթիվ գործարարների, որոնք տասնյակ տարիների ընթացքում նպատակադրված աշխատանքով ամուր կապեր են հաստատել միմյանց հետ, եւ մինչ օրս շարունակական աշխատանք են տանում դրանք ամրապնդելու եւ զարգացնելու ուղղությամբ:
Ակտիվ բիզնես ցանցի ստեղծումը Ասոցիացիայի ռազմավարական նպատակն է: Արդեն իսկ բացառիկ պայմանագրեր են կնքվել տարբեր երկրների գործարար համայնքների, պետական կառույցների եւ առաջատար ընկերությունների հետ:
Ասոցիացիայի անդամները ոչ միայն ներկայիս հաջողակ ձեռներեցներն են, այլ նաեւ ապագա գործարարներ, որոնց զարգացման համար Ասոցիացիան մի շարք կրթական միջոցառումներ է մշակել:
Նշեմ նաեւ, որ «Տաշիր»-ը ռուսաստանյան ամենախոշոր դիվերսիֆիկացված արդյունաբերական եւ շինարարական խումբն է, որը ներառում է մոտ 200 ընկերություններ եւ ձեռնարկություններ, որոնք գործում են Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում: Իր հիմնադրումից ի վեր՝ 1999 թվականին եւ 25 տարի շարունակ, «Տաշիրն» անշեղորեն ավելացնում է իր ակտիվները Ռուսաստանի շինարարության եւ զարգացման շուկայում՝ միաժամանակ հաջողությամբ ընդլայնելով իր բիզնեսն այլ՝ ֆինանսական, էներգետիկայի, արդյունաբերության, մանրածախ առեւտրի եւ ռեստորանային բիզնեսի, զվարճանքի եւ այլ ոլորտներում: Խումբն ընդգրկված է Ռուսաստանի հարյուր խոշոր մասնավոր ընկերությունների ցանկում: Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը: Գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի եւ հարեւան երկրների 51 քաղաքներ: Ընկերության հիմնադիրն ու նախագահը Սամվել Կարապետյանն է: Գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում:
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից