Անհարմար բան ստացվեց. փաստորեն, գետերի վարարման վտանգի, հետևաբար, սպասվող աղետի մասին մայիսի 19-ին արդեն զգուշացվել էր, սակայն կանխատեսման վրա պատկան մարմիններն ուշադրություն չեն դարձրել, չեն նախապատրաստվել։
Առնվազն հնարավոր էր գետերի շրջակայքում ապրող բնակիչներին տարհանել, ինչը ևս չի արվել։
Ինչպե՞ս է լինում, որ Վրաստանում նմանատիպ աղետին պատրաստվում են, իսկ Հայաստանում ՝ ոչ։
Լոռու մարզպետի աշխատակազմը մայիսի 19-ին այսպիսի հայտարարություն է արել.
Ձորագետ և Դեբեդ գետերի ափամերձ տարածքներում հորդորում ենք ցուցաբերել զգոնություն
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «ՁորաՀԷԿ-ի» շահագործման ընթացքում էներգահամակարգի աշխատանքի խափանումներով պայմանավորված, առաջիկայում հնարավոր է կայանի կանգ, որն էլ իր հերթին մինչև օգոստոս ամիս կարող է հանգեցնել ջրի բացթողումների կայանի ջրամբարից:
Վերջինս կարող է Ձորագետ և Դեբետ գետերի վարարումների պատճառ դառնալ:
Վտանգներից խուսափելու համար հորդորում ենք ափամերձ տարածքներում ցուցաբերել առավել զգոնություն:








