Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է 12 ԱՀԱԲԵԿԻՉ, ՈՐՈՆՔ ԶԱՐԻՆ ԷԻՆ ՏԱՆՈՒՄ ՍԻՐԻԱՑԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՆ

Պ. Ք.

Ադանա քաղաքում անվտանգության տեղական ուժերը կալանավորել են 12 անձանց, որոնք թունավոր գազ զարին էին տանում Սիրիա: Բոլոր կասկածյալները «Ալ Ղաիդայի» հետ կապված «Ան Նուսրա ճակատ» խմբավորման անդամներ են: Արմատական այդ խմբավորումը կռվում է սիրիացի ապստամբների հետ կողք կողքի:

Գործողության ընթացքում թուրքական հատուկ ծառայությունները առգրավել են 2 կգ զարին պարունակող անոթներ: Թունավոր գազը հավանաբար նախատեսված էր սիրիական ընդդիմության համար: Զարինից բացիՙ հայտնաբերվել են բազմաթիվ փաստաթղթեր եւ էլեկտրոնային կրիչների վրա գրանցված տվյալներ: Հարցաքննությունից հետո կասկածյալներից հինգը ազատ են արձակվել, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ մնացյալ յոթը մնում են կալանքի տակ: Շուտով նրանց կներկայացվեն մեղադրանքներ:

ՌԴ արտգործնախարարությունն արդեն արձագանքել է միջադեպին եւ կոչ է արել արագորեն քննել վտանգավոր գազի տեղափոխմամբ զբաղվող իսլամիստների գործը: ԱԳՆ-ում գտնում են, որ եթե ահաբեկիչները ռազմական գործողությունների ժամանակ զարին օգտագործեն, դա կարող է արտաքին ռազմական միջամտության առիթ դառնալ:

Մայիսի սկզբներին հաղորդվել էր, որ սիրիական ընդդիմությունը, ամենայն հավանականությամբ, արդեն զարին է օգտագործում: Թունավոր գազի հավանական կիրառման վկայությունը այն տվյալներն են, որ տուժածներն ու բժիշկները փոխանցեցին Սիրիայում հնարավոր իրավախախտումները հետաքննող ՄԱԿ-ի հանձնաժողովին: