Լոս Անջելեսում տեղի է ունեցել ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, անկախ Հայաստանի պատմության մեջ բռնցքամարտի աշխարհի առաջին չեմպիոն, գերթեթեւքաշային բռնցքամարտիկ Նշան Մունչյանի ծննդյան 50-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն: Մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի անունից ջերմորեն շնորհավորել է հոբելյարին եւ նրան է հանձնել նախարարության ոսկե մեդալը: Անվանի բռնցքամարտիկը պարգեւատրվել է նաեւ ՀԱՕԿ-ի եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ոսկե մեդալներով:
Նշան Մունչյանը 2007-ից բնակվում է ԱՄՆ-ում: Նա ներկայումս Լոս Անջելեսի «International Sports Union» մարզական ակումբի բռնցքամարտի գլխավոր մարզիչն է: Նշան Մունչյանին հոբելյանի առթիվ հաճելի նվեր մատուցեց նրա ամերիկյան սաներից Ֆերդինանդ Քերոբյանըՙ նվաճելով ԱՄՆ-ի պատանիների չեմպիոնի տիտղոսը: