Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Իրանում մինչև հաջորդ նախագահական ընտրությունները որևէ լուրջ ներաղաքական և արտաքին քաղաքական գործընթացներ չեն նախաձեռնվի. Գարիկ Միսակյան

Իրականում բավական վաղ է Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման մեջ որևէ արտաքին միջամտության հետք փնտրել, որովհետև պաշտոնական վարկածներով՝ խոսքը դժբախտ պատահարի մասին է։ Ընդ որում՝ իրանական կողմից վերջնականապես ոչինչ չի հստակեցվել, և դեռ բավականին շատ հարցեր անպատասխան են մնում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը՝ հավելելով, որ պետք է սպասել ուղղաթիռի կործանման շուրջ պաշտոնական վարկածին ևը հետագա զարգացումներին։

Նրա խոսքով՝ պետք է խուսափել բոլոր տեսակի կանխատեսումներից՝ հատկապես այս փուլում գրեթե անապացուցելի կանխատեսումներից։

«Ինչ վերաբերում է Իրանում ներքաղաքական և արտաքին քաղաքական հնարավոր զարգացումներին, ապա արդեն իսկ հայտարարվեց, որ 50 օրվա ընթացքում տեղի կունենան ընտրություններ։ Մինչ այդ, ինչպես հայտնի է, Իրանի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է առաջին փոխնախագահ Մոհամեդ Մոհբերին, արտգործնախարարինը՝ առաջին փոխարտգործնախարարը»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ Գարիկ Միսակյանի՝ մինչ ընտրությունները խոսել Իրանում գլոբալ ներքաղաքաղական և արտաքին քաղաքական լուրջ փոփոխությունների մասին բավական բարդ է։

«Բայց իրանական կողմում հավանաբար մինչև հաջորդ նախագահական ընտրություններ որևէ լուրջ ներաղաքական և արտաքին քաղաքական գործընթացներ չեն նախաձեռնվի։ Հավանաբար երկրում կսպասեն մինչև հաջորդ նախագահական ընտրություններ, որպեսզի հասկանան՝ որ ճամբարից և ինչ քաղաքական գործիչ կարող է գալ իշխանության։

Պատճառն այն է, որ Իրանի արտաքաին քաղաքականության վեկտորներն ու կարմիր գծերը կարմիր գծերը գծվել են հոգևոր առաջնորդի կողմից,մինչդեռ նախագահը և արտգործնախարարը այդ գծերն իրականացնողներն էին։ Չնայած սրան՝  Իրանի զոհված նախագահն ու արտգործնախարարը բավականին բարձր պաշտոնյաներ էին»,-ամփոփեց իրանագետը։

Հիշեցնենք, որ Իրանում համազգային սուգ է հայտարարվել՝ նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան կապակցությամբ։

Երեկ հայտնի էր դարձել, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Վաղ առավոտյան հաղորդվեց, որ ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են, այդ թվում՝ Իրանի նախագահը։

Ռայիսիի հետ  ուղղաթիռում են եղել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմատին և Թավրիզի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմը: