Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Նիկոլը թքած ունի ժողորվրդի վրա էլ, ժողովրդավարության վրա էլ

Այսպես կոչված «թավշյա հեղափոխության» օրերին ու հետո, փողոցում, խանութում թե այլուր, ինձ հանդիպող մարդիկ, բոլորովին անծանոթ, հարց էին տալիս՝ «Վերջը ի՞նչ է լինելու»: Բոլորին ունեի մեկ պատասխան՝ «Վերջը խեր լինի»: Վերջը, ինչպես տեսանք ու դեռ տեսնում ենք, խեր չեղավ: Կորցրեցինք մեր արդեն փոքրիկ հայրենիքի մի մեծ հատվածը՝ Արցախը, կորցրեցինք ու դեռ կորցնում ենք ուրիշ հատվածներ, հազարավոր քաջարի մարտիկներ, քաղաքներ, շեներ, գյուղեր, գաղթական դարձրեցինք 150 հազար ժողովուրդ: Մենք չէ, ի՛նքը արեց, արկածախնդիրների իր խմբակի հետ: Բայց մե՛ր մեղկությամբ, մեր թուլությամբ, անզորությամբ:

Հիմա, թեեւ խիստ ուշացած, եկել է պահը արթնության, համաժողովրդային ընդվզումի: Եկել է պահը հանցագործի ձեռքը բռնելու: Այնպիսի հանցագործի, որ մահվան սնարի մեջ անգամ ունակ է դավաճանական գիր ստորագրելու «խաղաղության եւ անվտանգության» անվան տակ, ու դեռ հոխորտալու, ինչպես երեկ կառավարության նիստում, թե իր իշխանությունը «աննախադեպ» հաջողություն է արձանագրել, թե պատմության մեջ «չտեսնված» իրագործում է կատարվել՝ հայոց հինավուրց գյուղերը, ամուր դիրքերը, կենսական ճանապարհները հանձնվել են թշնամուն…

Իսկապես «աննախադեպ» ու «չտեսնված» դավաճանություն: Ոտնակոխելով Սահմանադրություն եւ օրենքներ՝ գլխավոր Հանցագործը թքում է ժողովրդավարության ու համաժողովրդային Շարժման վրա, օրուգիշեր հրապարակներում ու փողոցներում հերթապահող տասնյակ ու տասնյակ հազարավոր մարդկանց ու նրանց Առաջնորդի վրա: Այն Շարժման, որը ծնունդ է առել հենց գյուղ ու տարածքներ թշնամուն չհանձնելու, հանձնումը արգելելու համար: Նա կատարված իրողության վիճակի առաջ է կանգնեցնում բոլորին, բոլորիս: Փաստորեն անելանելիության պատնեշ ստեղծում դեռեւս ընդվզելու, պայքարելու կամք ցույց տվող մարդկային բազմություններին: Այդպիսով, փաստորեն, նա արյունահեղ բախումների է մղում ժողովրդին, հատկապես նրա տաքարյուն երիտասարդությանը:

Շարժման համար ամենազգայուն, ամենավտանգավոր պահն է հիմա: Որպես կրկնակի ու բազմակի հանցագործ՝ Նիկոլը ձգտում է հանգցնել հայրենասիրության ջահը, հուսահատության մատնել ժողովրդին, հակադրել, անջրպետը խորացնել քաղաքացիների ու ոստիկանության միջեւ, ի հարկին արտակարգ դրություն հաստատել երկրում, անվտանգության բոլոր ուժերին, ընդհուպ՝ բանակին ներգրավել ճնշման ու հալածանքի գործողություններում, ի գործ դնելով պառակտիչի, խռովարարի իր բնատուր տաղանդը, չխորշելով կաշառատվության եւ այլ՝ իրեն քաջ ծանոթ ստոր մեթոդների կիրառումից:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավարությունը, Բագրատ Սրբազանի ու նրա աջակիցների գլխավորությամբ, պետք է զգոն լինի, պաղարյուն եւ հետեւողական: Ամեն գնով խուսափի արյունահեղության որոգայթներից, ականներից: Դեռ երկար շունչ է պետք հայրենիքի ու պետականության փրկության գործը ավարտին հասցնելու համար:

Եվ եթե ինձ այսօր հարցնեն, թե «Վերջը ի՞նչ է լինելու», ես անվարան՝ հարցով կպատասխանեմ. «Ո՞ր բռնապետն է դիմացել մինչեւ վերջ. վերջը լավ է լինելու»:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ