Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Լույսը հաղթելու է խավարին

Խավարն եմ ատում, եթե խավարում

Ո՛չ միտք է ծնվում եւ ո՛չ էլ զավակ: (Պարույր Սեւակ)                           

Խավարը  լույսի բացակայությունն է,  բացարձակ մթությունը: Սակայն իրանական աղբյուրից փոխառված ԽԱՎԱՐ  բառը պարսկերենում  օգտագործվում է  հորիզոնի չորս գլխավոր կողմերի (հյուսիս, հարավ, արեւելք, արեւմուտք) իմաստն արտահայտելու համար:

Ժամանակակից պարսկերենում   ԽԱՎԱՐ  [khavãr]  բառը նշանակում է «արեւելք»  [khavãr-e dur]` «Հեռավոր Արեւելք, [khavãr-e nãzdik] ` «Մերձավոր Արեւելք», [khvãr shenas]` «արեւելագետ» եւ այլն: 

Իսկ հին պարսկերենում  ԽԱՎԱՐ բառը արեւելքից բացի  նաեւ նշանակել է «արեւմուտք»: 10-րդ դարի իրանցի անվանի բանաստեղծ Ռուդաքին արեգակի թվացյալ շարժը դեպի արեւմուտք  նկարագրելու համար, գրել է՝

Մթնշաղին, երբ արեւը շողշողալով ճառագում է երկնքում,

Նշմարում ես, թե ինչպես է արեւելքից դեպի ԽԱՎԱՐ շտապում:
 
Այս բանաստեղծության մեջ ԽԱՎԱՐԸ «արեւմուտք» իմաստով է օգտագործվել: Թե չէ  արեգակն իր ելակետից՝ արեւելքից  էլ ո՞ւր պիտի շտապեր, եթե ոչ՝ դեպի արեւմուտք:

Տարօրինակ է, բայց ԽԱՎԱՐ բառը, որ մենք «բացարձակ մթություն» նշանակությամբ ենք ընկալում,   11-րդ դարում իրանցիները  նաեւ օգտագործել են   թե՛   հյուսիս,   եւ թե՛ հարավ իմաստներով: Դրա մասին են վկայում  պարսից մեկ այլ  անվանի բանաստեղծ Մանուչեհրիի՝  Աստծո իշխանության անսահմանությունը (արեւելքից դեպի արեւմուտք եւ հյուսիսից դեպի հարավ)   նկարագրող  հետեւյալ բանաստեղծական տողերը՝

Արեւի պես սփռվել է Աստծո փառքը տիրաբար,

Արեւելքից դեպ Արեւմուտք, ԽԱՎԱՐԻՑ էլ դեպ ԽԱՎԱՐ: (հյուսիսից դեպի հարավ)

Ու երբ մենք ասում ենք՝ լույսը հաղթելու է խավարին, նշանակում է, որ համահայկական միաբանությանը ձգտող եւ խավարը մերժող  մեր ժողովուրդը կառչած չի մնալու  ո՛չ   ՀՅՈՒՍԻՍԻՑ, ո՛չ ՀԱՐԱՎԻՑ,  ո՛չ ԱՐԵՎԵԼՔԻՑ, ո՛չ էլ  ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ