Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Մանկավարժականի ուսանողների լուսանկարների ցուցահանդեսը՝ «Նարեկացիում»

Մայիսի 13-ին «Նարեկացի» արվեստի միության դահլիճում տեղի ունեցավ «Այս գունավոր աշխարհը սեւ-սպիտակ լուսանկարներով» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացված են Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի ուսանողների եւ շրջանավարտների լուսանկարչական աշխատանքները: Ցուցահանդեսում ներկայացված են 50 ից ավել լուսանկարներ:

Բացման խոսքով հանդես եկավ արվեստաբան Տաթեւիկ Համբարձումյանը: Ցուցահանդեսի կազմակերպիչ, ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության,գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի ասիստենտ Արմեն Խաչատրյանը իր խոսքում կարեւորեց լուսանկարչության դերը արդի ժամանակներում: Նա ուսանողներին առաջարկեց համարձակ աշխատել եւ նոր լուսանկարչական արտահայտչամիջոցներ կիրառել:

ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզնկյանը ողջունեց ցուցահանդեսի մասնակիցներին կարեւորեց լուսանկարչական ցուցահանդեսների դերը ուսանողների գեղագիտական ճաշակը ձեւավորելու  գործում: Պարոն Երզնկյանը  ընդգծեց, որ մեծ հաջողություն է նման ցուցահանդեսում  ներառել  ամբիոնի շրջանավարտների ինչպես նաեւ բոլոր առկա, հեռակա եւ մագիստրատուրա կուրսերի ուսանողների աշխատանքների ներկայացումը ցուցահանդեսում:

Արմեն Խաչատրյանը առաջարկեց ավելի շատ հետաքրքիր լուսանկարներ նկարահանող երիտասարդների աշխատանքները ներառել այսպիսի ցուցահանդեսներում, որպեսզի կարեւորվի գեղարվեստական լուսանկարչությունը երիտասարդների շրջանակում:

«Այս գունավոր աշխարհը սեւ-սպիտակ լուսանկարներով» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը նախատեսված է ներկայացնել նաեւ այլ ցուցասրահներում: