Էլինա Ասրիյան, սահմանները մի անցեք. օրվա ամփոփման համար Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքված հանրության առաջ իր ելույթում ասաց Բագրատ Սրբազանը՝ դիմելով ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասիրյանին։
Նա, ըստ մամուլում հրապարակված տեղեկության, հավաքել է ԵՊՀ դեկաններին, դասախոսներին ու հրահանգել բոլոր բացակա ուսանողների անունները գրանցել։ Հայտարարել է՝ պետք լինի, 1000 ուսանող էլ կհեռացնեմ բուհից։
Վաղը 1000 ուսանող թող դասադուլ անի. իր ելույթում ասաց Տավուշի թեմի առաջնորդը։
Բագրատ Սրբազանը հայտնեց, որ վաղը՝ առավոտյան ժամը 10։00-ին, այցելելու է ԵՊՀ՝ տեսնելու Էլինա Ասրիյանին ու ռեկտորին։
«Պարոն Գյուրջինյան, դուք հրավիրել եք դեկանների, դասախոսների և սպառնացել եք՝ ասելով, թե ոչ ոք իրավունք չունի մասնակցելու դասադուլին։ Դռներն էլ փակել էինք, վերևից նկարում էիք։ Ուրախացեք, որ այսպիսի արժանապատիվ ուսանողներ ունեք, Դուք ամենավատ օրինակն եք Ջեզ դարձնում ուսանողների համար։ Մեծ-մեծ խոսում եք լսարանում, բայց կյանքում լրիվ հակառակն եք անում։ Վախենո՞ւմ եք ձեր աշխատավարձը կորցնել, Ձեր պաշտոնից զրկվել»,- դիմելով Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին՝ ասաց Սրբազանը։
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդը հաստատեց՝ այս շարժումն օրակարագ ունի և այդ օրակարգով են գնում, չեն շեղվելու օրակարգից։
Տանը կամ ձեր աշխատասենյակում նստած՝ մի ասեք, թե շարժումն անկում է ապրում։ Դուք վախենում եք շփվել սեփական ժողովրդի հետ։ Վախենում եք ճշմարտությունը լսել։
Ես էլ եմ մտավորական, գիտնական, բայց ես կյանքի իրականությունն էլ եմ ճանաչում, մարդկանց եմ ճանաչում, որովհետև ապրում եմ մարդկանց մեջ՝ անկախ նրանից՝ ինձ կընդունեն, թե չեն ընդունի։
Օտար չեն այս մարդիկ ինձ։
Ես կարող էի գրասեղանի առջև էլ նստած լինել. 6 գիրք ունեմ հրապարակված, բայց արժեքը մարդկանց մեջ ապրելն է, նրանց սիրտը քո սրտի մեջ ունենալն է, նրանց ցավը քո երակներով անց կացնելն է»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա շնորհակալություն հայտնեց փաստաբաններին, որոնք անխոնջ աշխատել են ու 170-ից ավելի բերման ենթարկվածներին ազատել, շնորհակալություն հայտնեց լրագրողներին ու տեղեկացրեց, որ վաղը գնալու է Ժուռնալիստների միություն։
«Բերման ենթարկվածներին եմ ուզում խոսքս ուղղել. նրանք, ովքեր բերման չեն ենթարկվել, վաղը պիտի պատասխան տան՝ ինչու իրենց բերման չեն ենթարկել»,-կատակեց Սրբազանը։
«Մեր տիկին Գոհարին՝ հերոսի մորը, նորից են քաշքշել, հրել։ Տղերք, ձեզ ուղղակի փչացնում են, ուշադիր եղեք ձեր գործողությունների մեջ, մի հերոսացեք այնտեղ, որտեղ պետք չէ հերոսանալ։ 15 տարեկան տղային քաշքշել եք, փոխանակ գլուխը շոյեիք, ասեիք՝ ապրես, որ այդքան արժանապատվություն ունի»,- ոստիկաններին դիմելով՝ ասաց Սրբազանը։
ԵՊՀ, Ժուռնալիստների միություն այցելելուց հետո շարժման առաջնորդը մետրոյով կգնա Գարեգին Նժդեհ կայարան՝ տեսակցելու 3-րդ մասցիներին։
Նա հայտարարեց. «Ճնշումը պետք է ուժեղացնել, մինչև որոշակի հանգրվանի հասնենք։ Վաղը պիտի ճնշումն ավելանա ու մեծանա։ Նախկին իրավապահները մոնիտորինգ են արել ու ասել, որ վերջին մի քանի տարում այսպիսի ծավալի գործողություններ չեն եղել։ Վաղը հարավից հյուսիս Հայաստանի ամբողջ տարածքում խաղաղ, սիրով իրականացվող գործողութոյւններ պետք է տեղի ունենան։ Երևանում ժամը 8-ից պետք է անհնազանդության ակցիաներ լինեն։ Ճշմարտությունը հաղթելու է. ինչ ճանապարհով ուզում է լինի, հաղթելու է»։