«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր առաջ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 100 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ տնտեսական վերափոխումների աջակցության համար։ Ինչպես հայտնում է EFSD-ի մամուլի ծառայությունը, միջոցները կուղղվեն 2024 թվականին բյուջեի աջակցությանը և տրամադրվում են ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրի իրականացման արդյունքներով։ Ծրագիրը ներառում է տնտեսական աճի ներուժի բարձրացման, աշխատաշուկայի արդյունավետության բարձրացման և կայուն զարգացման միջոցառումների իրականացում։ Այսինքն, Հայաստանին տրամադրվում է 100 մլն դոլարի ֆինանսավորում՝ փաստացի 6 ամսվա համար:
Այս հանգամանքը ուշագրավ է այն առումով, որ մեկ ամիս առաջ իշխանությունները մեծ աղմուկով ազդարարում էին, թե Բրյուսելը 270 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին, իսկ ԱՄՆ-ն՝ 65 միլիոն դոլարի: Ընդ որում, նշյալ 270 մլն դոլարը պետք է տրամադրվի հաջորդող չորս տարվա ընթացքում, ինչը նշանակում է յուրաքանչյուր վեց ամսվա հաշվարկով՝ 33 մլն եվրո։ Փաստացի, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը այս տրամաբանությամբ երեք անգամ ավելի շատ գումար է հատկացնում, բայց այդ մասին իշխանությունները գրեթե չեն խոսում:
Ի դեպ, հավելենք, որ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը (EFSD) ավելի քան 9 միլիարդ ԱՄՆ դոլար ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից։ EFSD-ի նպատակներն են նպաստել Հիմնադրամի անդամ երկրներում տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև նրանց կայուն զարգացմանը»: