Փաստաբան Նորիկ Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործին։
Նա, մասնավորապես, նշել է. «Իմ ունեցած հավաստի տեղեկություններով երկու օր առաջ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և ՀՀ քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) մեղադրանք է առաջադրվել նշված կացարանում դեպքի օրը հերթապահ հանդիսացած, պարտադիր ժամկետային զինծառայող Ռ․ Մաթևոսյանին։
Առաջիկա օրերի ընթացքում նշված գործի ընթացի վերաբերյալ հանդես կգանք առավել մանրամասն դիրքորոշմամբ, սակայն հարկ եմ համարում այս պահին ընդգծել, որ զոհված 15 զինծառայողների ծնողների հետ միասին մինչև վերջ հետամուտ ենք լինելու այս հանցագործության բոլոր մասնակիցներին հայտնաբերելու, դեպքի իրական հանգամանքները ճշտելու, ճշմարտությունը բացահայտելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, հրդեհի հետևանքով եղել են նաև վիրավորներ։ Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։ Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործը դատարանում է, մեղադրյալի աթոռին 5 անձ կա։