2024-ի Մայիսի 9-ը Գերմանիայում ոչ աշխատանքային էր. Համբարձման տոնի հետ համընկնումն էր պատճառը, այլապես տարիներ շարունակ այդ օրվա մեկնաբանությունը հետեւյալ նախադասությամբ է սկսվում՝ «այսօր Ռուսաստանը տոնական շքերթով է նշում 1945-ին նացիստական Գերմանիայի դեմ տարած իր հաղթանակը»: Սա՝ կարճ լրատվությամբ, երկարն իհարկե չի անդրադառնում, որ նախկին ԽՍՀՄ, այժմ անկախ հանրապետությունների տարածքում էլ նշում են մայիսի 9-ը՝ որպես Հաղթանակի օր, այլ ծանուցում, որ արդեն երրորդ տարին է, ինչ Ռուսաստանն այն նշում է Ուկրաինայի դեմ պատերազմելով:
Ուկրաինայում մայիսի 9-ը ոչ աշխատանքային չէ, ինչպես տարիներ առաջ էր: ԵՄ-ին միաձուլվելու մագնիսը փոխել է պատմությունը, ավանդույթի ուժը՝ դեռ համառում է, բայց մեկ տարի առաջ Զելենսկու դեկրետով Եվրոպայի օրն են նշում: Նրա կամքով մայիսի 8-ն է ոչ աշխատանքային, եւ 2016-ից ի վեր մայիսի 8-ի «Հիշատակի եւ հաշտության օրը», մայիսի 9-ի «Նացիոնալսոցիալիզմի դեմ հաղթանակի օրը» Զելենսկու առաջարկով միավորվեցին, իսկ Ուկրաինայի Ռադայի 2023-ի մայիսի վերջին կայացրած որոշմամբ մայիսի 8- ն է օրենքով ամրագրված տոնական ոչ աշխատանքայինը:
Գերմանիայում մայիսի 8-ին աշխատանքային օր է, սակայն Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտի ավարտն է նշանավորում, ինչպես նաեւ նացիոնալսոցիալիզմից ազատագրման օրը:
2024-ի մայիսի 8-ին Գերմանիայի Թյուրինգիա երկրամասում՝ Վայմարի կենտրոնում բացվեց նացիոնալսոցիալիզմի դաժանությունը պատկերող ռազմագերիների թանգարանը, որ իմաստավորում է, թե Երկրորդ համաշխարհայինի ավարտից 79 տարի անց հիշողությունը չի խամրում: 13 միլիոն մարդ է այն ժամանակ գրավյալ տարածքներից Գերմանական Ռայխ բռնի տեղափոխվել՝ որպես աշխատուժ, նրանցից 500 000-ը՝ Թյուրինգիա, որի մեզ ծանոթ Բուխենվալդի հուշավայրը շատ ազդեցիկ է. Տարին բոլոր մարդու մարմնի ջերմաստիճանն ունեցող սալաքարի վրայի արձանագրությունից կարելի է փաստել, որ այնտեղ եղել են նաեւ հայեր, ադրբեջանցիների մասին չի հիշատակվում:
Մայիսի 7-ին Բեռլինում Ադրբեջանի դեսպանությունն իր նախաձեռնությամբ Մյունխենին մերձակա Դախաու համակենտրոնացման ճամբարի հուշավայրում ադրբեջաներեն եւ գերմաներեն արձանագրությամբ՝ ադրբեջանցի ռազմագերիների անուններն արխիվից հանել եւ նրանց հիշատակին սալիկ է փակցրել: Ավելին՝ դեսպան Աղաեւն արդեն մի քանի օր է X-ի հարթակում ելույթ է ունենում՝ ընդգծելով ֆաշիզմի դեմ պայքարում Ադրբեջանի ներդրումը ներկայացնելով որպես «700 000 զինվորի մասնակցություն, որից 300 000 իրենց կյանքն են զոհաբերել հաղթանակի համար: Ադրբեջանի նավթահանքերի բանվորների արդյունահանած 80 տոկոս բենզինն է վճռորոշ դեր ունեցել հաղթանակի համար»: Բեռլինում Ադրբեջանի դեսպանը, որ գերմաներեն արտահայտվում է անհրաժեշտ դադարները պահելով, տեքստն արտասանելու, տպավորություն թողնելու, համոզիչ շեշտի մասին դպրոցում լավ է սովորել: Նա գիտի, որ այժմ Բեռլինում է, սակայն միշտ օգտագործում ԱՄՆ-ում աշխատած տարիների իր «ստեղծածը». Մայիսի 9-ին ընդառաջ տեղադրում է 2021-ին Լոս Անջելեսի Ադրբեջանի հյուպատոսության հեղինակած 2,20 րոպե տեւողությամբ մի տեսանյութ, որ համառոտ ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմում Ադրբեջանի դերը: Այդ տեսանյութում սակայն «300 000-ի փոխարեն 400 000 է ներկայացված զոհերի թիվը: 128 ադրբեջանցի ԽՍՀՄ հերոսի պատվին է արժանացել, 10 000 հրեա Հոլոքոսթից ազատվել է Ադրբեջանում ապաստան գտնելով: Հրեաների համաշխարհային կոնգրեսի նախագահ Ռոնալդ Լաուդերի խոսքով, «Հոլոքոսթի ժամանակ Ադրբեջանը դարձավ հրեաների համար սակավ ապաստաններից մեկը, իսկական հայրենիք(կամ՝ տուն: Անգլերեն բնագրում՝homeland բառն է- Ան.Հ.): Ամեն տարի մայիսի 9-ը Ադրբեջանում նշվում է որպես հաղթանակի օր: Շնորհավոր հաղթանակի օրը», ծանուցում է նույն տեսանյութը:
Մայիսի 9-ին ընդառաջ Աղաեւը չի մոռանում Շուշիի մասին: Շուշին «հառնում է ավերակներից», գրում է դեսպանը՝ ներկայացնում նորակառույցների մի պատկեր, որին երկնքից ծիածանն է կամար կապում: Սա քաղաքի խաղաղ ներկան է, որն իրենք են կառավարում, իսկ անցյալը… 1992-ին Շուշին պաշտպանելիս զոհվել են նաեւ հրեաներ, ներկայացնում է դեսպանությունը՝ զետեղելով Ադրբեջանի ազգային հերոս՝ հրեա Ալբերտ Աղարունովի հուշարձանը, որին զետեղված թարմ ծաղկեպսակն այդուհանդերձ չի թաքցնում, որ շիրիմը հեռու է խնամված լինելուց:
Բայց սա իմ կարծիքն է, որ կարող է հայրենիքի պաշտպանության, զոհասեղանին ամենաթանկը նվիրող Զինվորի, նրա հիշատակը հարգելու բովանդակությունը պարտադրել ձեւին: Ադրբեջանի դեսպանությունը համենայնդեպս գիտի, որ Բեռլինում պետք է ցույց տալ, որ մայիսի 8-ին համակենտրոնացման ճամբար այցելելը կարեւոր է, մայիսի 9-ին էլ՝ շեշտել, որ ֆաշիզմի դեմ հաղթանակի մեջ, հրեաներին փրկելու մեջ իրենք… հերոս են տվել:
Բեռլինում Հայաստանի դեսպանությունը կարող է չիմանալ, որ ցեղասպանությունից փրկված իմ պապը կամավոր մեկնել է ռազմաճակատ, չի վերադարձել, բայց մայիսի 9-ի հաղթանակը ֆաշիզմի դեմ ինձ համար հաղթանակի օր է նաեւ Գեւորգ պապիս շնորհիվ:
Մեր տան մյուս կամավորը՝ Գեւորգ Արշակյանը, 44 օրյա պատերազմում Շուշիի համար անմահացած հերոսը, դաստիարակվել էր ֆաշիզմի դեմ պայքարի խորհրդանիշ իր մեծ պապի, հայոց մյուս հերոսների պատմությունը քաջ իմանալով: Նա գիտեր Թամանյան հզոր դիվիզիայի մասին, որ Բեռլինում ոչ միայն Քոչարի է պարել, այլեւ Ռայխսթագի պատին թողել հայերեն ստորագրությունը, իսկ Գերմանիան չի ջնջել այդ արձանագրությունը՝ Բունդեսթագը նորոգելուց հետո էլ… ՀՀ դեսպանությունը չի կարող չիմանալ այս պատմությունը, ուրեմն ինչո՞ւ մայիսի 9-ին ընդառաջ չի ներկայացնում մեր հզոր կամքն ընդդեմ ֆաշիզմի, ԽՍՀՄ կրկնակի հերոս շուշեցի Նելսոն Ստեփանյանի, Չարդախլու գյուղից մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, ԽՍՀՄ հերոս արցախցի Միքայել Բարսեղովի, Հադրութից մարշալ Սերգեյ Խուդյակովի, ԽՍՀՄ ծովակալ, մարշալ Հովհաննես Իսակովի, մյուս հերոսների սխրանքի մասին… ԽՍՀՄ հերոսների մի մեծ ժառանգություն ունենք, որոնց Ադրբեջանն է յուրացնում՝ արցախցի հերոսներին իր ցուցակում ընդգրկելով:
Մենք հին ժողովուրդ ենք, ուրեմն գիտենք, որ հաղթանակի նոր սյուն կանգնեցնելու համար նախ պետք է առողջ մնանք՝ պատմական կամ պատմության հիշողությամբ:
Հիշե՛նք, որ ապրենք: Հիշեցնենք, որ մեր ձայնը լսեն:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարում երեւում է, որ հայ զինվորներից մեկը ռուսերեն իր ազգանվան յանը գրելուց հետո սլաքով ցույց է տալիս իր ծննդավայրի անունը՝ Կիրովական