Վարչապետ կոչեցյալի ձեռքին ողջ իրավապահ համակարգը վերածվել է բարձր վարձատրվող, բութ, ռեպրեսիոն գործիքի, և համոզված պնդում եմ, որ երբեք Հայաստանում այս աստիճան բռնություններ, խոշտանգումներ, քաղաքական հետապնդումներ և քաղբանտարկյալներ չեն եղել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Տավուշում խաղաղ ազգաբնակչության նկատմամբ ոստիկանության կիրառած անհամաչափ ուժին և բռնություններին։
Ըստ իրավապաշտպանի՝ նայելով ոստիկանական ստորաբաժանումների՝ օրերս տավուշցիների նկատմամբ բռնի գործողություններին՝ տպավորություն է ստեղծվում՝ կարծես ոստիկանները հատուկ ընտրված սադիստներ են, որոնք հաճույք են ստանում մարդկանց խոշտանգելուց։
«Մարդ ամաչում է՝ հատկապես նայելով Տավուշի դեպքերին։ Փաստորեն, ոստիկանությունը կատարում է Ադրբեջանի նախագահի հրամանները։ Ամենամղձավանջային երազում անգամ չէիր պատկերացնի, որ հայրենի ոստիկանությունը կստանձնի 5-րդ շարասյան դերը։
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի անգաղափար բռնապետության հովանավորը առաջին հերթին Թուրքիան է»,- նշեց Ավետիք Իշխանյանը՝ շեշտելով, որ այսօր ողջ հայ ժողովուրդը պետք է միասնական կերպով ոտքի կանգնի՝ ի պաշտպանություն Տավուշի բնակիչների և անձամբ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի։
Հարցին՝ արդյոք Տավուշում խաղաղ բնակչության նկատմամբ ոստիկանության գործողությունները ցուցիչ են, որ Հայաստանը բռնակալության և բռնապետության բաստիոն է, ոչ թե ժողովրդավարության, ինչպես հայտարարվում է գործող ռեժիմի կողմից, իրավապաշտպանը պատասխանեց.
«2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, Հայաստանը ավտորիտար համակարգից անցում կատարեց դեպի հեղափոխա-բռնապետական համակարգ։
Ի դեպ, աշխարհի բոլոր բռնապետություններն ունեցել են գաղափարախոսություններ՝ ազգայնական, կրոնական, ձախակողմյան և այլ։ Իսկ փոքր երկրների դեպքում անհրաժեշտ է նաև որևէ հզոր պետության հովանավորությունը։
Հայաստանի պարագայում, վարչապետ կոչեցյալն ու իր հպատակ քպ-ականները չունեն որևէ գաղափարախոսություն, սկզբունք։ Նրանց «գաղափարախոսությունը» միայն նյութապաշտությունն է՝ փողը, անկախ նրա ծագումից»։
Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքին , ապա այն, ըստ Ավետիք Իշխանյանի, պայմանավորված է ոչ թե Հայաստանի «ժողովրդավարությամբ», այլ չոր, պրագմատիկ հաշվարկով։
Նշենք, որ ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ այս պահին էլ Կիրանցում դարձյալ մեծ թվով ոստիկաններ կան, մուտքը դեպի Կիրանց փակ չէ, սակայն դրսից եկած մեքենաներին թույլատրում են գյուղ մտնել ստուգումներից հետո։
Գյուղացիներy տեղեկություններ չունեն կատարվող աշխատանքների վերաբերյալ, հեռվից տեսանելի որևէ բան չի երևում սահմանազատվող հատվածներում, գյուղում սպասողական վիճակ է։
Այսօր կրկին փակ են Խեյրիմլի տանող ճանապարհները, որտեղ գտնվում են Կիրանցի բնակիչների արոտավայրերը և այգիները։