Տավուշում խաղաղ բնակչության նկատմամբ ոստիկանության կիրառած անհամաչափ ուժը հերթական ցուցիչն է այն երևույթի, որն սկսվել է դեռ 2018 թվականին, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Կիրանցի մատույցներում տեղի ունեցող իրադարձություններին։
«Ես բռնապետության ցուցիչ կհամարեի քաղբանտարկյալներին, ցուցիչ կհամարեի Արմեն Աշոտյանի գործը, Մամիկոն Ասլանյանի գործը, Նարեկ Սամսոնյանի, Նարեկ Մալյանի և Վազգեն Սաղաթելյանի գործերը, խոշտանգման ենթարկված և արդյունավետ քննության երաշխիքներից զրկված Սամվել Վարդանյանի գործը։ Էլ չեմ խոսում նախկին շրջանների մասին»,- ասաց մեր զրուցակիցը։
Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ դեռ 2018-ին իրավիճակը պատկերացնող ու իշխանության եկողներին ճանաչող փոքրաթիվ մարդիկ տագնապի ազդանշան էին հնչեցնում, բարձրաձայնում սպասվելիք վտանգների մասին, բայց գնալով ավելի ու ավելի շատ մարդկանց աչքեր բացվեցին, և հասարակության ավելի ու ավելի լայն շրջանակներ սկսեցին պատկերացնել՝ ինչ է Հայաստանին սպասվում նոր իշխանությունների գալով։
«Միաժամանակ չմոռանանք, թե Տավուշի մարզի Կիրանց գյուղի ընտրողների քանի տոկոսն էր ընտրել «Քաղաքացիական պայմանագրին», և քանի տոկոսն է այժմ գործող իշպանությունների նկատմամբ դրական վերաբերմունք տածում։
Ինչ վերաբերում է ոստիկանության առանձին ստորաբաժանումների կողմից գործադրվող բռնություններին, ապա զարմանալի ոչինչ չեմ տեսնում։ Առանձին ստորաբաժանումներում կադրային բազայի թարմացումներ են տեղի ունեցել, և այնտեղ ընդգրկված են այնպիսի մարդիկ, որոնց հանձնարարվում է այսպես ասած սև գործը։ Այդ մարդիկ, որպես կանոն, անցել են իշխանությունների բոլոր տեսակի թեստերը։
Այս իշխանությունների համար այդ մարդիկ դարձել են իրենց հակահայկական և հակաիրավական գործունեության հիմնական երաշխավորները՝ Ազգային ժողովի իրենց պատգամավորների հետ մեկտեղ»,- ամփոփեց Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Կիրանց գյուղի մուտքը երեկվանից շարունակում է փակ մնալ քաղաքացիների համար։
Ոստիկանները թույլ են տալիս գյուղ մուտք գործել միայն կիրանցեցիներին։ Սեփական տներ հասնելու համար կիրանցեցիները «հաղթահարում են» ոստիկանական երեք անցակետ՝ ցույց տալով անձնագրերը։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց՝ Տավուշում և հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր։