Յուրաքանչյուր հայազգի արվեստագետի միջազգային ելույթ ոչ միայն անհատական մեծ նվաճում է, այլ նաև ազգային մշակույթի հաղթանակ: Բացառություն չէր սույն գարնանը Քովենթ Գարդենի Արքայական օպերայում երկու հայազգի սոպրանոների՝ Հասմիկ Գրիգորյանի և Հրաչուհի Բասենցի իրարահաջորդ ելույթները կանացի գլխավոր դերում՝ Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» հանրահայտ օպերայում:
1900թ. Լոնդոնում դիտելով անգլիացի Ջոն Լոնգի պատմվածքի հիման վրա թատերական բեմադրությունը, Պուչինին ներշնչվեց գրելու «Մադամ Բաթերֆլայ» (Madama Butterfly) երկու գործողությամբ իր օպերան։ Օպերայի իտալերեն լիբրետտոն գրվել է Ջուզեպե Ջակոզայի և Լուիջի Իլիկայի կողմից և ունեցել է հինգ վերամշակումներ՝ վերջինը 1907թ., որը համարվում է ամենահաջողված և ամենահաճախ բեմադրվող տարբերակը։
Օպերայի առաջնախաղը կայացավ Միլանի «Լա Սկալա» թատրոնում՝ 1904 թ. փետրվարի 17-ին և ընդամենը մեկ տարի անց՝ 1905թ. Պուչինիի նորընծա օպերան բեմադրվեց Քովենթ Գարդենում։ «Մադամ Բաթերֆլայ»-ը Արքայական Օպերայում ամենաշատ բեմադրվող և հիրավի ամենասիրված օպերաներից մեկն է:
Արքայական Օպերայի ներկայիս բեմադրության հեղինակներն են օպերային ճանաչված բեմադրիչներ Մոշ Լեզիե և Պատրիս Քուրիե ստեղծագործական զույգը, որի առաջնախաղը կայացել էր 2003 թ.: Զուսպ, մինիմալիստ դեկորները, պաստելային երանգապնակը, ճապոնական ազգային զգեստները և արևելյան բնաշխարհի և բուրումնավետ ծաղիկների բեմական պատրանքը հանդիսատեսին տեղափոխում են հեռավոր Ճապոնիա, որտեղ ծավալվում է դեռատի Չիո-Չիո-Սանի և ամերիկացի սպա Փինքերտոնի միջև ողբերգական սիրո պատմությունը, որն ավարտվում է լքված հերոսուհու ինքնասպանությամբ։
Այս տարի Արքայական Օպերայում «Մադամ Բաթերֆլայ»-ի աոաջնախաղը կայացավ մարտի 14-ին, որտեղ գլխավոր դերում հանդես եկավ լիտվահայ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը, ով համարվում է այս դերի լավագույն կատարողներից մեկը:
Ի դեպ 2023 թ. Հասմիկ Գրիգորյանը Գերմանիայում շահեց Տարվա Լավագույն Սոպրանո հեղինակավոր մրցանակը (Sängerin des Jahre: OPUS KLASSIK Award Winner 2023), որի մրցանակաբաշխության ժամանակ նա երգեց Չիո-Չիո-Սանի հանրահայտ «Մի գեղեցիկ օր» (Un bel dì vedremo) արիան: Հասմիկ Գրիգորյանը հռչակավոր օպերային մեներգիչներ Գեղամ Գրիգորյանի և լիտվացի սոպրանո Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է: Գերմանիայում անցկացվող ամենամյա օպերային «Օսկարների» մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրվեց «Մադամ Բաթերֆլայ»-ի հայտնի «Սիրի՛ր ինձ» (Viene la sera… vogliatemi bene) զուգերգի տեսահոլովակը՝ իր մեծատաղանդ ծնողների կատարմաբ, որն երգչուհին դիտեց մեծ հուզմունքով:
Սույն տարվա գարնանը Քովենթ Գարդենի բեմում Հասմիկ Գրիգորյանի հինգ ելույթները Չիո-Չիո-Սանի դերում ընդունվեցին մեծ խանդավառությամբ թե՛ խստաբարո քննադատների, թե՛ հանդիսատեսի կողմից: Լոնդոնի հանդիսատեսը մեծ սպասելիքներ ուներ միջազգային մրցանակների դափնեկիր երգչուհու ելույթներից, որը նա միանգամայն արդարացրեց առաջին իսկ ներկայացումից։ Քննադատների գնահատականը Գրիգորյանի մեկնաբանման մասին հիացական էր. այսպես, Գարդիան (The Guardian) օրաթերթի թղթակիցը գրեց. «Հասմիկ Գրիգորյանը առանց այլընտրանքի այստեղ գլխավոր գրավականն է։ Թե՛ իր խաղով, թե՛ երգեցողությամբ, նա դերը այնպես է մարմնավորում, որին հազվադեպ է վիճակվում ականատես լինել»։ Իսկ հեղինակավոր Ստեյջ (The Stage) մասնագիտական պարբերականը հաստատեց. «այս բարդագույն դերերգի ամենագեղեցիկ մեկնաբանումներից մեկն է, որ երբևէ դիտել ենք»։
Փինքերթոնի դերակատար՝ բարեկազմ արտաքինով Ջոշուա Գեռեռոնը, ցավոք նույն ընդունելությանը չարժանացավ Լոնդոնի բեմում ։ Ափսոսանքով պետք է նշել, որ ամենահնչեղ «Մի գեղեցիկ օր» (Un bel dì vedremo) արիայի ժամանակ, ինչպես նաև մեր տեսած երկու ներկայացումներին, նվագակցութումը գերմանացի դիրիժոր Քեվին Ջօն Եդուզեի ղեկավարությամբ, չափազանց հուժկու էր, ինչը սքողեց Պուչինիի ամենագեղեցիկ կանացի արիայի նրբերանգները։
Կարևոր է նաև արձանագրել, որ երկու անգամ ուղիղ եթերով «Մադամ Բաթերֆլայ» օպերան՝ Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ, հեռարձակվեց Մեծ Բրիտանիայի տասնյակ կինոթատրոններում։ Սա հիրավի պետական հիանալի նախաձեռնություն է՝ օպերան հասանելի դարձնելու հազարավոր նոր հանդիսատեսների համար անհամեմատ ավելի մատչելի գներով, քան օպերային տոմսերի արժեքն է:
Ապրիլի վեցից սկսյալ «Մադամ Բաթերֆլայ»-ի գարնանային ներկայուցումները Արքայական բեմում շարունակվեցին նշանավոր սոպրանո Հրաչուհի Բասենցի մասնակցությամբ, ով ստանձնեց Չիո-Չիո-Սանի դերը: Լիրիկական սոպրանո (Bel canto), միջազգային մրցույթների դափնեկիր Հրաչուհի Բասենցը վաղուց ի վեր հաստատվել է Գեմանիայում և 2018 թվականից Դրեզդենի Պետական Օպերայի (Semperoper Dresden) գլխավոր մենակատարուհիներից մեկն է։ Նա հաճախակի հանդես է գալիս աշխարհի լավագույն բեմերում, իսկ Քովենթ Գարդենի օպերան դարձել է հայազգի երգչուհու երկրորդ տունը, որտեղ նա հիրավի ամենասիրված մեներգչուհիներից մեկն է: Արքայական Օպերայում Բասենցի նախորդ դերակատարումները արժանացել են հանդիսատեսի և քննադատների հիացմունքին։
Այսպես օրինակ, 2022թ. ինձ բախտ վիճակվեց Բասենցին դիտելու Դեզդեմոնայի դերում Վերդիի «Օթելլո» օպերայում, դիցուկ լոնդոնյան հանդիսատեսը նրան ողջունեց երկարատև օվացիաներով՝ առանց բացառության բոլոր արիաներից հետո։ Գարդիան (The Guardian) օրաթերթը Բասենցի դերակատարումը բնութագրեց որպես «բացառիկ ուրույն մեկնաբանություն» և «անմոռանալի հիշողություն»։ 2019թ. Վերդիի «Լա Տրավիատա»-ի բեմադրության 25-ամյակին նվիրված հոբելյանական ներկայացմանը Հրաչուհի Բասենցը հրավիրվել էր Վիոլետայի դերում երգելու՝ արժանանալով քննադատների բարձր գնահատականին։ Ի դեպ, ուրախությամբ պետք է նշել, որ հայ մեներգչուհին Վիոլետայի դերով կմասնակցի Արքայական Օպերայի 2024-25թթ. թատերաշրջանի բացմանը սեպտեմբեր ամսին ։
Ապրիլին Չիո-Չիո-Սանի ողբերգական կերպարի մեկնաբանումը Բասենցի կողմից չափազանց հուզական էր, հագեցած երգչուհուն բնորոշ լուսեղեն ջերմությամբ, և կերպարի անմիջականությամբ: Հատկապես տպավորիչ էր Բասենցի կատարմամբ երկրորդ գործողության սկզբում «Մի գեղեցիկ օր» (Un bel dì vedremo) արիան, երբ հերոսուհին մեծ ակնկալիքով ևտվայտանքով սպասում է իր սիրեցյալ ամուսնու՝ Փինքերթոնի վերադարձին: Վերջինիս դերը հաջողությամբ մարմնավորեց տենոր Յա-Չունգ Հուանգը, ում հետ հայտնի «Սիրի՛ր ինձ» (Viene la sera… vogliatemi bene) զուգերգը հագեցած էր խորը քնքշությամբ և անկեղծությամբ։
Առաջիկա հուլիս ամսին Հրաչուհի Բասենցը ևս երեք անգամ բեմ կբարձրանա՝ Մադամ Բաթերֆլայի դերում, իր յոթ ելույթներով եզրափակելով Արքանական օպերայի 2023-24 թատերաշրջանը: Հանդիսատեսի ջերմ ընդունելությունից բացի նաև ակնկալում ենք կարդալու մասնագետների գնահատականները Բասենցի դերակատարման վերաբերյալ, որոնք վստահաբար մամուլում կհրապարակվեն հուլիսյան ներկայուցումների ընթացքում։
Վերջին տասնամյակներում հայ օպերային երգիչների աստեղային հաջողությունները եվրոպական և համաշխարհային բեմերում վկայությունն են ոչ միան նրանց բացառիկ բնածին տաղանդի, աշխատասիրության և արհեստավարժության, այլ նաև հայ ազգային երաժշտական և դասական կրթության բարձր մակարդակի մասին, որ թրծվում և ձևավորվում է մասնավորապես Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նման պրոֆեսիանալ երաժշտական բարձր չափանիչներ և շրջանավարտներ ունեցող կրթօջախով անտարակույս կարող է հպարտանալ ցանկացած քաղաքակիրթ հասարակություն։ Վստահաբար ազգային կոնսերվատորիան կշարունակի կրթել բազում նորահայտ արվեստագետներ, ովքեր կշարունակեն աշխարհով մեկ հպարտորեն ներկայացնել հայրենի մշակութային հարուստ ավանդույթները և նորօրյա նվաճումները։\
Հասմիկ Սեյմոր
Լոնդոն, ապրիլ 2024թ.
Գլխավոր լուսանկարում՝ Հասմիկ Գրիգորյանը Չիո-Չիո-Սանի դերում