Օրեր առաջ հայտնի պրոմոութեր Բոբ Արումը հայտարարել էր, որ նոյեմբերին կկազմակերպի Վախթանգ Դարչինյանի եւ Նոնիտո Դոների երկար սպասված ռեւանշ-մենամարտը: Սակայն ֆիլիպինցի բռնցքամարտիկը հայտարարել է, որ ինքը տեղափոխվում է կիսամիջինքաշային կարգ, ուստի 2-րդ թեթեւքաշային կարգում Դարչինյանի հետ մենամարտի անցկացումը հնարավոր չէ:
Այս հայտարարությունը զայրացրել է Վախթանգ Դարչինյանին, որն իրեն հատուկ ոճով շատ կոշտ է արտահայտվել Դոների մասին. «Էական չէ, թե այս անգամ ինչպիսի պատճառաբանություններ ես բերում մենամարտից խուսափելու համար, միեւնույն է, քեզ նոկաուտի են ենթարկելու: Քաշի հետ խնդիրներ չունենալու համար խթանիչներ մի օգտագործիր: 6 տարի շարունակ քեզանից ռեւանշ եմ պահանջել: Կրկին հիշեցնեմ, որ ես եմ քեզ անվանի բռնցքամարտիկ դարձրել, ես էլ կոչնչացնեմ քեզ»:
Վախթանգ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում 45 մենամարտերից 39-ում հաղթել է, 1-ն ավարտել է ոչ-ոքի, 5-ում պարտվել է: Վերջին մենամարտը Դարչինյանն անցկացրել է այս տարվա մայիսի 11-ին Խավիեր Գալոյի հետ: Հայ բռնցքամարտիկն արդեն 4-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին: