ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու որոշումը ավելի կհարստացնի Ամերիկան և էլ ավելի կքայքայի Ուկրաինան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինային օգնություն տրամադրելու որոշումը սպասելի և կանխատեսելի էր։ Դա էլ ավելի կհարստացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները և ավելի կքայքայի Ուկրաինան՝ պատճառ դառնալով Կիևի ռեժիմի մեղքով ավելի շատ ուկրաինացիների մահվան», – ՏԱՍՍ-ին ասել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է պատասխան տա Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվների բռնագրավման համար։
Շաբաթ օրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 95 միլիարդ դոլար արժողությամբ օրենսդրական փաթեթի օրինագծերից առաջինը, որով անվտանգության ոլորտի աջակցություն է տրամադրում Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին: