Փաստաբան Վարազդատ Հարությունյանը երկրորդ այսպիսի դեպք չի հիշում, երբ ձերբակալվածին տանող ոստիկանական մեքենան կանգնի, ուղեկցողները ձերբակալվածին մենակ թողնեն, գնան իբր միզելու, ու այդ ընթացքում դիմակավորված անձինք մեքենայից հանեն ձերբակալվածին ու տանեն-ծեծեն։ Հետո նրանք հեռանան, ուղեկցողները գան ու սկսեն ձերբակալվածին ձեռք առնել, թե նոր լավ էիր, քեզ ի՞նչ պատահեց։
Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու փաստը նա համարում է մեծագույն ամոթ, անպատվաբեր, ստորացուցիչ մի բան, որին մասնակցել են հայ ոստիկաններն՝ այն էլ իրենց մասնագիտական օրը։
Վարազդադ Հարությունյանն ու Ռուբեն Մելիքյանը քպ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպից հետո ձերբակալված Սամվել Վարդանյանին տեսակցել են Կենտրոնի ոստիկանությունում։
Վկայում են, որ Սամվելը մարմնական ոչ մի վնասվածք չի ունեցել։
Իսկ ծեծի ենթարկվելուց հետո ունեցել է քերծվածքներ, այտուցներ, կապտուկներ։ Սամվելը նրանց պատմել է, որ դիմակավորվածները նրան ծնկի են բերել ու գլուխը հարվածել գետնին, հետո ձեռքերով խփել, սեռական բնույթի հայհոյանքներ ասել, ծաղրել։
Սամվելը կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Սեփական աչքերով է տեսել ադրբեջանցիների դաժանությունները, պատերազմի արհավիրքը։ Ու հիմա նրա հետ վարվում են այնպես, ինչպես ադրբեջանցիներն են վարվում Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում.