Անտիկ դարաշրջանի պատմագիրներից Պլուտարքոսը հարուստ գրական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացրել համեմատական կենսագրություններին:
Մեկ շնչով կարդացվող այդ ստեղծագործությունների մեջ պատմագիրը զուգահեռներ է անցկացրել նույն դարաշրջանում ապրած քաղաքական, ռազմական, կրոնական, հանրային, պատմական գործիչների միջև, առանձնահատուկ, մանրակրկիտ ուսումնասիրել է նրանց անհատական վարքը, ռազմական սխրանքները, բարոյականության նկատմամբ վերաբերմունքը, հայրենասիրությունը, դավաճանական հակումները, ընդհանրապես քաղաքական և անձնական բախտը։
Պլուտարքոսի համեմատական կենսագրությունների շարքում ներառվել են և՛ հույն, և՛ օտար գործիչներ, և՛դրական, և՛ բացասական կերպարներ։
Շատ հաճախ համադրվել են հույն ազգի փառապանծ հերոսներ և օտար դավաճաններ։
Քանի որ հայերս մեր պատմական հայրենիքի կործանման պատճառ ենք համարել Քեմալ Աթաթուրքին, շատ հաճախ հայ դավաճաններին պիտակավորել ենք «թուրք» հոմանիշով, ապա շատ ուսանելի կլիներ զուգահեռներ տանել և համեմատել ՀՀ ներկա վարչապետին թուրքերի հայր Քեմալի հետ։
Այսպիսով.
1.Քեմալը եղել է զինվորական, իսկ ՀՀ առաջին պաշտոնյան բանակում չի ծառայել։
2.Քեմալը գաղափարական տեսանկյունից ծայրահեղական և ազգայնմոլ էր, իսկ նրա քաղաքականությունը և գաղափարախոսությունը ազգայնական՝ ի տարբերությունն ՀՀ պաշտոնյայի, որը հայտարարում է՝ ինքը «իզմեր» չի ճանաչում, էլ չենք խոսում ազգայնականության մասին։
3.Աթաթուրքը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գալիպոլիի ճակատամարտում ապահովել է Օսմանյան կայսրության հաղթանակը, իսկ ՀՀ առաջին պաշտոնյան հայտնի է դարձել 44-օրյա պատերազմում կրած դառը պարտությամբ, որի միակ պատասխանատուն ինքն էր։
4.Քեմալը ղեկավարել է թուրքական ազգային շարժումը, որը պայքարում էր ընդդեմ Դաշնակից պետությունների, որոնք ցանկանում էին իրար մեջ բաժանել Թուրքիայի հիմնական տարածքները, իսկ ՀՀ առաջին պաշտոնյան պատրաստ է հակառակորդին զիջել հայկական պատմական տարածքները, և այդ իմաստով հատկապես դավաճանական էր իբրև թե արևմտյան ղեկավարների կողմից Արցախի ճանաչման նշաձողը իջեցնելու հորդոր- սուտը, որով նա կերակրում էր հանրությանը՝ միևնույն ժամանակ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։
5.Քեմալը տարրական կրթությունը դարձրել է անվճար և պարտադիր՝ բացելով հազարավոր նոր դպրոցներ ամբողջ երկրի տարածքում, իսկ ՀՀ առաջին պաշտոնյան հետեւողականորեն քանդում է կրթական համակարգը՝ ակադեմիական քաղաք ստեղծելու պատրվակով, վերացնում է կրթական, մշակութային օջախները՝ դրանց շենքերը օլիգարխների միջոցով գրպանելու նպատակով։
Ընդամենը հինգ կետից բաղկացած այս շարքը վկայում է, որ հայրենասերի դեպքում հայրենիքը ծաղկում է, իսկ իշխանություն ճանկած վախկոտի դեպքում հայրենիքը «շագրենու կաշվի» նման օրեցոր փոքրանում է։
Որպես վերջաբան՝ ներկայացնում եմ Աթաթուրքի նամակից հատված, որ նա հղել էր ԽՍՀՄ արտգործնախարար Չիչերինին։
«Այդ դրութիւնը վերացնելու համար մեզ անհրաժեշտ էր շուտափոյթ կերպով գրաւել այդ երեք շրջանների (Ղարսի, Բաթումի և Արդահանի) մի քանի կէտերը, բայց Ձեր նամակի հետևանքով մենք յետաձգեցինք այդ գործողութիւնները:
Խնդրում ենք դադարեցնել հայերի յարձակումները մեր ժողովրդի վրա և ներկայացնել Ձեր առաջարկութիւնը՝ միջնորդութեան համար»։
Այո, փաստաթղթերը վկայում են,որ մեր ազգը իր քաջությամբ դարձել է Քեմալի խնդրագրի առարկան և այդ համատեքստում ՀՀ ղեկավար կոչեցյալներն ավելի ողորմելի են դառնում։
Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ